23:25 4 նոյեմբերի, 2020Աչքի եղջերաթաղանթը կարող է «դիմադրել» կորոնավիրուսին, ի տարբերություն որոշ այլ վիրուսների: Ինչպես պարզել են Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները, պարզ հերպեսի վիրուսն, օրինակ, թուլացած իմունային համակարգ ունեցող պացիենտների մոտ կարող է վարակել եղջերաթաղանթը եւ տարածվել մարմնի այլ մասերում: Զիկա վիրուսը հայտնաբերվել է արցունքների մեջ եւ եղջերաթաղանթի հյուսվածքներում, սակայն SARS-CoV-2 կորոնավիրուսը, ինչպես պարզվել է, չի բազմանում մարդու եղջերաթաղանթի մեջ:
Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում:
Գիտնականներն առայժմ չգիտեն, թե խոցելի են արդյոք կորոնավիրուսի հանդեպ եղջերաթաղանթի ներսում եւ շուրջը գտնվող հյուսվածքները, օրինակ, արցունքատար ուղիները եւ կոնյուկտիվան։
«Մեր արդյունքները չեն ապացուցում, որ բոլոր եղջերաթաղանթները դիմադրում են վարակին»,- ասել է առաջին հեղինակ, դոկտոր Ջոնաթան Մայները,- «Բայց դոնորների բոլոր եղջերաթաղանթները, որոնք մենք թեստավորել ենք, դիմացկուն են եղել նոր կորոնավիրուսի հանդեպ: Հնարավոր է, որ մարդկանց մի ենթախմբի մոտ լինի եղջերաթաղանթներ, որոնք նպաստում են վիրուսի աճին, բայց մեր ուսումնասիրած եղջերաթաղանթներից ոչ մեկը դա ցույց չի տվել»: