Երեխաների «թույլ» իմունիտետը կարող է նրանց առավելությունը դառնալ կորոնավիրուսի համավարակի ընթացքում. Հետազոտություն

09:56   9 նոյեմբերի, 2020

Երեխաների օրգանիզմում ավելի քիչ հակամարմիններ են արտադրվում SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ, եւ այդ հակամարմիններն «ավելի թույլ» են, քան մեծահասակների մոտ: Սա կարող է նպաստել հիվանդության ավելի հեշտ ընթացքին երեխաների մոտ: Այս անսպասելի եզրակացությունը հրապարակվել է Nature Immunology գիտական ​​ամսագրում:

Medportal.ru-ն պատմում է, որր ավելի վաղ գիտնականները հայտնել էին, որ կորոնավիրուսով վարակման նկատմամբ չափազանց ուժեղ իմունային պատասխանը կարող է COVID-19-ի ծանր ձեւեր առաջացնել եւ նույնիսկ մահվան հանգեցնել: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ թույլ իմունային պատասխանի դեպքում հնարավոր է հաղթահարել վարակը մինչեւ դրա կողմից օրգանիզմին լուրջ վնաս պատճառելը: Սա կարող է բացատրել, թե ինչու են երեխաները հազվադեպ բարդություններ ունենում կորոնավիրուսային վարակից:

Նոր հետազոտության հեղինակները ենթադրում են նաեւ, որ երեխաները կարող են վարակն այդքան երկար չտարածել որքան մեծահասակները: Ավելին, իմունային պատասխանի առանձնահատկությունները, ամենայն հավանականությամբ, երեխաներին երկրորդ անգամ վարակման ռիսկային խումբ չեն դարձնում:

«Որոշակի ժամանակ պաշտպանությունը պահպանելու համար հսկայական, գերբարձր իմունային պատասխան չի պահանջվում»,- The New York Times-ին ասել է Դիփթա Բաթաչարիան Արիզոնայի համալսարանից:




© NEWS.am Medicine