Կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը ցուցադրում է 94,5 տոկոսանոց արդյունավետություն

18:56   16 նոյեմբերի, 2020

Ամերիկյան Moderna ընկերությունը հայտարարել է, որ փորձարկումների երրորդ փուլի ժամանակ իր պատվաստանյութը ցուցադրում է 94,5 տոկոսանոց արդյունավետություն։

Moderna-ի պատվաստանյութի հետազոտությանը մասնակցել են 30 հազար կամավորներ, հայտնում է npr.org-ը։ Նրանցից կեսը 28 օրվա տարբերությամբ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ, իսկ մնացածը նույն ժամանակացույցով ստացել է պլացեբոյի երկու դեղաչափ։

Հետազոտության մասնակիցների շրջանում գրանցել են COVID-19 հիվանդության 95 դեպք, ընդ որում՝ նրանցից միայն 5-ն էր պատվաստված իսկական պատվաստանյութով, մնացած 90-ը պլացեբո էր ստացել։ Նրանցից 11-ի մոտ հիվանդությունն ընթացել է բարդություններով։

Արդյունքները ցույց են տալիս, որ պատվաստանյութը իմունային պատասխան է առաջացրել, որը մարդկանց պաշտպանում է կորոնավիրուսի ազդեցությանը ենթարկվելու դեպքում։

Հիշեցնենք, որ վերջերս նաեւ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի դեմ Pfizer and BioNTech ընկերությունների պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է ավելի քան 90 տոկոսի։



© NEWS.am Medicine