Կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը կարող է պահպանվել երկար տարիներ. հետազոտություն

15:16   19 նոյեմբերի, 2020

Մարդկանց մեծ մասը, ովքեր կորոնավիրուս են տարել, ունեն կորոնավիրուսով կրկին չվարակվելու բոլոր հնարավորությունները: Նման եզրակացության են հանգել ամերիկացի հետազոտողները` ապաքինված հիվանդների արյան նմուշներում իմունային պատասխանի մի քանի կարեւոր բաղադրիչ ուսումնասիրելուց հետո:

Նրանց կարծիքով` կան բոլոր հիմքերը համարելու, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունային արձագանքը կարող է բավականին երկարատեւ լինել: Որպես պրեպրինտ հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները հավաքել են կորոնավիրուս տարած 19-ից 81 տարեկան 185 տղամարդու եւ կնոջ արյան նմուշները: Նրանցից շատերի մոտ հիվանդությունը մեղմ ընթացք է ունեցել` առանց հոսպիտալացման անհրաժեշտության:

Medportal.ru-ի փոխանցմամբ` հետազոտողները ցանկանում էին ուսումնասիրել վիրուսի նկատմամբ իմունային պատասխանի հիմնական բաղադրիչները եւ վերլուծել դրանց փոփոխությունները ժամանակի ընթացքում` հակամարմինները, B բջիջները (դրանք հակամարմիններ են արտադրում), ինչպես նաեւ երկու տեսակի T բջիջները, որոնք ոչնչացնում են վարակված բջիջները: Նման հետազոտությունների մեծ մասը ներառում էր միայն հակամարմինների տիտրի աճի եւ նվազման դինամիկան, ինչը թույլ չէր տալիս ավելի ամբողջական պատկեր ստանալ:

Ինչպես պարզվել է, մասնակիցների մեծ մասի մոտ հակամարմինները պահպանվում էին առաջին 6 ամսվա ընթացքում` կենտրոնացվածության նվազման միտումով, ընդ որում, տարբեր մարդկանց մոտ դրանց մակարդակը երբեմն տարբերվում էր 200 անգամ: T բջիջների քանակը դանդաղորեն նվազում էր, մինչդեռ B բջիջների քանակը ժամանակի ընթացքում միայն ավելանում էր, եւ դա մեծ բացահայտում էր գիտնականների համար: Նրանց կարծիքով` դա վկայում է այն մասին, որ իմունիտետը կորոնավիրուսի նկատմամբ կարող է տարիներ տեւել` հուսալիորեն պաշտպանելով պաթոգենի երկրորդ վարակումից: Եթե ​​այս տվյալները հաստատվեն, հնարավոր է, որ SARS-Cov-2-ի դեմ ամեն տարի պատվաստման անհրաժեշտություն չլինի:

Հարկ է նշել, որ կորոնավիրուսով վարակման կրկնվող դեպքեր, այնուամենայնիվ, գրանցվում են, բայց դրանք քիչ են:



© NEWS.am Medicine