Բրիտանիայում հակաբիոտիկակայուն բակտերիաներ են հայտնաբերվել

10:36   6 օգոստոսի, 2014

Բրիտանական Կովենտրի քաղաքի մոտակայքում գտնվող մի գետում գիտնականները հայտնաբերել են հակաբիոտիկների հանդեպ շատ կայուն բակտերիաներ։ Դրանք կարող են մեծ վտանգ ներկայացնել բոլորի համար, պնդում են գիտնականները։

Վորվիք համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Վելլինգթոնը (Elizabeth Wellington) ուսումնասիրել է հայտնաբերված բակտերիաները եւ պարզել, որ դրանք կայուն են բոլոր այն կարեւոր հակաբիոտիկների հանդեպ, որոնք կիրառվում են, օրինակ, մենինգիտների եւ արյան վարակման՝ սեփսիսի ժամանակ։

Հայտնաբերված բակտերիաները E.coli-ի շտամներ էին. դրանք ոչ միայն չեն մահանում հակաբիոտիկներից, այլեւ ոչնչացնում են հակաբիոտիկները։ Նմանատիպ բակտերիաներով վարակվելու դեպքում բուժման մեթոդները շատ քիչ են եւ սահմանափակվում են մի քանի տեսակի հակաբիոտիկներով։ Իսկ եթե այս բակտերիաները հակաբիոտիկակայուն են, բուժումը, բնականաբար, գրեթե անհնար է։

Սա, իհարկե, առաջին հակաբիոտիկակայուն բակտերիան չէ. նախկինում գիտնականները այլ նմանատիպ բակտերիաներ արդեն հայտնաբերել էին ջրամբարներում։

Այսօր հակաբիոտիկակայունությունը շատ լուրջ խնդիր է ողջ աշխարհում, ահազանգում է ԱՀԿ-ն։ Գիտնականները կարծում են, որ հակաբիոտիկակայունության տարածումը կանխելու համար պետք է ավելի զգույշ լինել հակաբիոտիկներ նշանակելիս եւ կիրառելիս, քանի որ դրանց ոչ պատշաճ կիրառումը կայունության առաջացման պատճառներից մեկն է։

Իսկ քանի դեռ հակաբիոտիկակայունության խնդիրը լուծված չէ, մասնագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել բոլոր ջրամբարներում՝ նույնիսկ գետերում։ Ճիշտ է, մաշկի միջոցով նմանատիպ բակտերիաներով վարակվելը գրեթե անհնար է, բայց եթե կուլ տալ վարակված ջուրը, կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։



© NEWS.am Medicine