Գիտնականները հայտնել են կորոնավիրուսային ինֆեկցիայի վաղ ախտանիշների մասին

14:54   20 նոյեմբերի, 2020

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող են մատնացույց անել փորացավերը եւ մեծ հոգնածությունը։ Այս մասին հայտնում է Express պարբերականը՝ վկայակոչելով մասնագետների հետազոտությունը։

Վարակված 1000 պացիենտների մասնակցությամբ 36 հետազոտությունների ամփոփումը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 5-րդ պացիենտը աղիների հետ կապված խնդիրներ է ունեցել։

«Փորացավը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով, իսկ դրանցից մեկը վիրուսով վարակվելն է»,- ասել է բժիշկ Միթչ Ուիլսոնը։

Կորոնավիրուսային ինֆեկցիայի վաղ ախտանիշ կարող է լինել նաեւ կոնյունկտիվիտը, որը զարգանում է COVID-19-ով պացիենտների շուրջ 3 տոկոսի մոտ։ Այսպիսի խնդիրը կարող է լինել աչքի լորձաթաղանթ ինֆեկցիայի թափանցման հետեւանք։

Պացիենտներից շատերը գանգատվել են նաեւ գիտակցության խառնաշփոթից, որը լիակատար ապաքինվելուց հետո նրանց հետապնդել է շաբաթների կամ անգամ ամիսների ընթացքում։ Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ COVID-19-ը կարող է ունենալ քրոնիկական կոգնիտիվ հետեւանքներ եւ ազդել ուղեղի աշխատանքի վրա։

Կորոնավիրուսային ինֆեկցիայի եւս մեկ ախտանիշ կարող է լինել հոգնածությունը։ Գիտնականների խոսքով՝ հետազոտությանը մասնակցած 128 պացինետներից 52 տոկոսը հայտնել է մշտական հոգնածության զգացողության մասին։ Որոշ պացիենտների քնկոտությունը եւ հանգստանալու ցանկությունը չի լքել անգամ ապաքինվելուց հետո 10 շաբաթ անց։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոգնածությունը համարում է կորոնովիրուսի երրորդ ամենատարածված ախտանիշը։

Դելիրիան, հոգեկան խանգարում, որն ընթանում է գիտակցության մթագնմամբ եւ մտածողության ու զգացումների խանգարմամբ, նույնպես համարում են կորոնավիրուսի վաղ ախտանիշներից մեկը։ COVID-19-ով հիվանդների մոտ դելիրիայի հայտնվելը, որպես կանոն, առաջանում է հիպոկսիայի, թթվածնային քաղցի եւ այլ գործոնների հետեւանքով։



© NEWS.am Medicine