Պե՞տք է արդյոք թողնել ծխելը համավարակի ժամանակ

20:19   22 նոյեմբերի, 2020

Կորոնավիրուսի համավարակ հայտարարելու առաջին օրվանից սկսել են տարածվել հակասական հաղորդագրություններ այն մասին, թե ինչպես է ծխողների շրջանում ընթանում COVID-19-ը: Մի քանիսն ասում էին, որ ծխողներն ավելի հազվադեպ են վարակվում, մյուսները՝ հակառակը, որ նրանք ռիսկի խմբում են:

Վերջին հետազոտությունները, փաստորեն, պատասխանել են այդ հարցին. ծխելն, այնուամենայնիվ, զգալիորեն մեծացնում է հիվանդության ծանր ընթացքի ռիսկը, հաղորդում է Medportal.ru-ն:

Դեռեւս համավարակի սկզբում գիտնականները բազմիցս նախազգուշացրել են, որ ծխելը կարող է կապված լինել COVID-19-ի ծանր ընթացքի եւ դրա հետեւանքով մահացության հետ, քանի որ այդ հիվանդությունն ախտահարում է շնչառական համակարգը, որը նաեւ տուժում է ծխելու հետեւանքով: Սակայն տարբեր երկրներից հաղորդագրություններ էին ստացվում, որ ծխողներն, իբրեւ, պակաս խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ:

Նոր հետազոտության շրջանակում ամերիկացի կենսաբանները ստեղծել են շնչուղիների մոդել ցողունային բջիջներից, որպեսզի պարզեն՝ ինչպես է SARS-Cov-2-ն ազդում վարակված ծխողի օրգանիզմի վրա: Պարզվել է, որ ծխելն իսկապես նպաստում է հիվադության ծանր ընթացքի ռիսկի մեծացմանը, քանի որ այն նպաստում է ինտերֆերոնների (սպիտակուցներ, որոնք արտադրվում են օրգանիզմի բջիջների կողմից՝ ի պատասխան պաթոգենի ներթափանցման) ակտիվության արգելափակմանը: Ծուխը նվազեցնում է շնչուղիների արձագանքն այդ սպիտակուցների նկատմամբ: Գիտնականների խոսքով՝ ծխելը հանգեցնում է վիրուսով վարակված բջիջների թվի եռակի շատացմանը:

Դա բնավ առաջին համոզիչ ապացույցը չէ, որ ծխելը ոչ միայն չի պաշտպանում կորոնավիրուսից, այլ նաեւ մեծացնում է ռիսկը: ԱՀԿ-ն հրապարակել է հետազոտությունների արդյունքները, որոնցում գնահատվել է նիկոտինի դերը հիվանդության ծանր ընթացքի վրա՝ միանշանակ եզրահանգելով, որ ծխողները ենթարկվում են համավարակի ժամանակ ավելի բարձր ռիսկի: Գիտական աշխատությունում նշվում է, էր COVID-19-ով հոսպիտալացվածների շուրջ 18,5 տոկոսը պարբերաբար ծխում է:

Ավելի ուշ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները գնահատել են վարակի ծանր ընթացքը 18-25 տարեկան երիտասարդների շրջանում՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Պարզվել է, որ հետազոտության յուրաքանչյուր երրորդ մասնակիցը (32 տոկոս) ունի COVID-19-ով վարակվելու դեպքում հիվանդության ծանր ընթացքի կամ մահացության ռիսկ: Երբ հետազոտողները բացառել են վերլուծությունից ծխողներին, երիտասարդների շրջանում վիրուսի նկատմամբ խոցելիության տոկոսը նվազել է՝ հասնելով 16-ի:

Սակայն արժե՞ արդյոք դադարել ծխել հենց հիմա

Ծխելուց հրաժարումը միշտ ստեղծում է հավելյալ սթրես, սակայն, մասնագետների կարծիքով, այժմ, այնուամենայինիվ, ամենահարմար ժամանակն է համբերությամբ լցվելու եւ այդ վնասակար սովորությունից հրաժարվելու համար:

Անգամ տպավորիչ ծխելու ստաժ ունենալու դեպքում դուք կարող եք զգալիորեն բարելավել ձեր առողջական վիճակը: Ամերիկյան թոքերի ասոցիացիայի տվյալներով՝ արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը վերականգնվում է՝ հասնելով նորմայի ընդամենը 12 ժամում, որի ընթացքում մարդը չի ծխել: Թոքերի գործառույթները նշանակալի չափով բարելավվում են մի քանի ամիս անց, իսկ մեկ տարվա ընթացքում սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը երկու անգամ նվազում է:



© NEWS.am Medicine