Ռուս բժիշկները պատրաստ են եւ՛ գործնական, եւ՛ խորհրդատվական օգնություն ցուցաբերել հայ գործընկերներին. Հայաստանին են փոխանցվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի նմուշները

14:19   21 նոյեմբերի, 2020

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է փոխանցել  կորոնավիրուսի դեմ ռուսական  «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշները, որպեսզի հայ գործընկերները հնարավորություն ստանան ծանոթանալ այդ պատվաստանյութի աշխատանքին եւ գործնականում դրա արդյունավետությանը:

«Այսօր մենք բերել ենք ռուսական պատվաստանյութի նմուշները եւ դրանք հանդիսավոր կերպով կհանձնենք առողջապահության նախարարին»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ այս դժվար շրջանում Հայաստանի առողջապահական համակարգը բախվել է երկու մարտահրավերների հետ՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակաբանական իրավիճակն ու մարտական վնասվածքներով մարդկանց մեծ թիվը: Այդ ամենը, ՌԴ ԱՆ ղեկավարի խոսքով, մեծ պարտահրավեր է, եւ այն, ինչ այսօր անում են հայ բժիշկները, նրա խոսքով, կարելի է անվանել հերոսություն: 

«Ռուսաստանի բժիշկները պատրաստ են օգնել եւ ոչ միայն վարակների դեմ պայքարի հարցում: Անցած տարի Հայաստանից մասնագետները ուսում են ստացել Սանկտ Պետերբուրգում վարակիչ հիվանդությունների, մանկաբուժության ոլորտում: Այսօր կարեւոր են նաեւ վնասվածքաբանության, նյարդավիրաբուժության ոլորտները, եւ մենք պատրաստ ենք եւ՛ գործնական, եւ՛ խորհրդատվական օգնություն ցուցաբերել հայ գործընկերներին»,-ասաց նախարարը:     



© NEWS.am Medicine