Տղամարդը կրկին վարակվել է կորոնավիրուսով եւ կուրացել կոբրայի խայթոցից հետո

12:25   23 նոյեմբերի, 2020

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում բրիտանացի Իեն Ջոնսը կրկին վարակվել է կորոնավիրուսով, ապա նրան խայթել է արքայական կոբրան, ինչից հետո նա կուրացել եւ կաթվածահար էր եղել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Daily Mail-ը:

Ըստ պարբերականի` տղամարդը Հնդկաստան էր եկել մի քանի ամիս առաջ` աղքատ հնդիկներին օգնություն ցուցաբերող բարեգործական կազմակերպությունում աշխատելու համար: Մարտին նա առաջին անգամ վարակվել էր COVID-19-ով, ապա նաեւ մալարիա եւ դենգե տենդ էր տարել: Որոշ ժամանակ անց տղամարդը կրկին վարակվել էր կորոնավիրուսով, դրանից հետո նրա վրա թագավորական կոբրա էր հարձակվել:

Խայթոցից հետո տղամարդը կաթվածահար էր եղել եւ կուրացել էր: Նա մինչ այժմ գտնվում է Հնդկաստանի Ջոդհփուր քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ արքայական կոբրայի թույնը շնչառական մկանների կաթված եւ շնչառության դադար է առաջացնում: Մարդը կարող է մահանալ խայթոցից հետո 15 րոպե անց:



© NEWS.am Medicine