Ե՞րբ պետք է սպասել կորոնավիրուսի երրորդ ալիքին

11:07   23 նոյեմբերի, 2020

Կորոնավիրուսի երրորդ ալիքը կարող է Եվրոպան ընդգրկել արդեն 2021 թվականի սկզբին, եթե այդ ժամանակ չստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ բանագնաց Դեւիդ Նաբարոն։

Շվեյցարական CH Media հրատարակչական խմբի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է Badener Tagblatt պարբերականում, Նաբարոն նշել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառը ամառային ամիսներին դրան պատշաճ չնախապատրաստվելն էր։ Իսկ հիմա, եթե ժամանակին չստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, հաջորդ տարվա սկզբին վրա կհասնի երրորդ ալիքը, պնդում է մասնագետը։

«Եվրոպայում արձագանքը լիարժեք չէր»,- արձանագրել է նա։ Նրա կարծիքով՝ Հին Աշխարհի երկրները բաց են թողել ամառային ամիսներին անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորությունը, երբ վերահսկողության տակ էին առել առաջին ալիքը։ «Իսկ հիմա նրանց մոտ երկրորդ ալիքն է։ Եթե հիմա չստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ապա ձեզ մոտ մյուս տարեսկզբին կլինի երրորդ ալիքը»,- հայտարարել է նա։

Մասնագետը նաեւ նշել է, որ ինֆեկցիան աճում է «ոչ թե մաթեմատիկորեն, այլ ըստ աստիճանացույցի», սակայն խնդիրն այն է, որ որոշում ընդունողներից քչերն են սա գիտակցել, փոխանցում է Gazeta.ru-ն։

Նաբարոյի խոսքով՝ եվրոպական երկրները Արեւելյան Ասիայի պետություններից սովորելու բան ունեն, որտեղ ինֆեկցիայի փոխանցման սահմանափակման գործում զգալի հաջողությունների են հասել։

«Նրանք (այդ երկրների բնակիչները) միմյանցից հեռավորություն են պահպանում, դիմակ են կրում, ինքնամեկուսանում են, երբ հիվանդանում են, շատ ուշադիր են հետեւում հիգիենայի միջոցառումներին, լվանում են ձեռքերը, մաքրում մակերեւույթները, պաշտպանում են առավել խոցելի խմբերին»,- ասել է հատուկ բանագնացը։



© NEWS.am Medicine