Հայաստանում ո՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի արյան դոնոր դառնալ

16:14   23 նոյեմբերի, 2020

Ցանկացած քրոնիկական հիվանդություն, այդ թվում Հայաստանում բավականին տարածված պարբերական հիվանդությունը, հակացուցված է արյան դոնորության համար։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավար Սամվել Դանիելյանը։

Սուր հիվանդությունները (ինչպես, օրինակ, գրիպը, ՍՇՎ-ն եւ այլն) նույնպես հակացուցված են արյան դոնորության համար, բայց մասնագետի խոսքով՝ դրանք միայն ժամանակավոր հակացուցումներ են․ առողջանալուց հետո ինչ-որ ժամանակ անց մարդը կարող է արյուն հանձնել։

Իսկ ահա այնպիսի քրոնիկական հիվանդությունները, ինչպես սրտի եւ անոթների, նյարդաբանական հիվանդությունները, շնչառական, շնչառական համակարգի հիվանդությունները, արյան հիվանդությունները, այդ թվում՝ արյան մակարդելիության խանգարումները բացարձակապես հակացուցված են, եւ այս հիվանդություններով մարդը չի կարող արյան դոնոր լինել, նույնիսկ եթե հիվանդությունը ռեմիսիայի փուլում է, եւ նա իրեն լավ է զգում։ Արյան դոնորության համար բացարձակապես հակացուցված են նաեւ օնկոլոգիական հիվանդությունները։

Որոշ ինֆեկցիոն հիվանդություններ նույնպես արյան դոնորության համար բացարձակապես հակացուցված են․ ՄԻԱՎ ինֆեկցիան, վիրուսային հեպատիտները (եթե մարդու մոտ երբեւիցե եղել է հեպատիտի դրական անալիզ, նա չի կարող արյան դոնոր դառնալ, նույնիսկ եթե հիմա նրա անալիզը բացասական է), սիֆիլիսը (բնածին կամ ձեռքբերովի), տուբերկուլյոզի բոլոր ձեւերը եւ շատ այլ հիվանդություններ։

Մարդկանց մի քանի խմբեր նույնպես չեն կարող արյան դոնոր լինել, նույնիսկ եթե նրանք առողջ են։ Մասնավորապես՝ նրանց են դասվում այն մարդիկ, որոնք ՄԻԱՎ-ով եւ հեպատիտներով պացիենտների ընտանիքի անդամներ են, ինչպես նաեւ սեքս բիզնեսում ներգրավված մարդիկ եւ ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչները։

Ինչ վերաբերում է դոնորական արյուն հանձնելու համար ժամանակավոր սահմանափակումներին, դրանց կարելի է դասել՝

Հայաստանում արյան դոնորության համար հակացուցում կարող է լինել նաեւ տարիքը․ դոնոր կարող են դառնալ միայն 18-ն անց եւ մինչեւ 60 տարեկան մարդիկ։ Մասնագետների խոսքով՝ ցանկալի չէ, որ դոնորական արյուն հանձնեն 60-ն անց մարդիկ, նույնիսկ եթե նրանք առողջ են։ Նրանց մոտ արյունաստեղծ պրոցեսները ավելի դանդաղ են ընթանում, քան երիտասարդների դեպքում, ուստի դա կարող է բացասաբար անդրադառնալ նրանց առողջական վիճակի վրա։



© NEWS.am Medicine