Ճապոնիայում եւ Կամբոջայում առաջին անգամ չղջիկների մոտ կորոնավիրուսի «ազգակիցներ» են հայտնաբերել

11:59   24 նոյեմբերի, 2020

Չղջիկների օրգանիզմների մեջ, որոնք մի քանի տարի պահվել են Ճապոնիայի եւ Կամբոջայի սառցախցիկներում, գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուս, որը համաշխարհային համավարակի հանգեցրած SARS-CoV-2 վիրուսի ազգակիցն է։ Այս մասին հայտնում է Nature ամսագիրը։

Մասնագետներն այդպիսի վիրուս են հայտնաբերել Կամբոջայում երկու կենդանիների մարմինների մեջ, որոնք դեռեւս 2010 թվականից պահվել են սառցախցիկներում։ Եթե պարզվի, որ այս վիրուսը թեկուզ 97 տոկոսով համընկնում է SARS-CoV-2-ի հետ, դա արժեքավոր տեղեկություն կտա վիրուսի ծագման եւ չղջիկներից մարդկանց փոխանցման եղանակների մասին։

«Անկախ այն հանգամանքից, թե կամբոջացի գիտնականների խումբը կոնկրետ ինչ է հայտնաբերել, երկու հայտնագործություններն էլ տպավորիչ են, քանի որ դրանք հաստատում են, որ SARS-CoV-2-ի հետ սերտորեն կապված վիրուսները համեմատաբար հաճախ են հանդիպում պայտաքիթ չղջիկների մոտ եւ նույնիսկ Չինաստանի սահմաններից դուրս հայտնաբերված չղջիկների մոտ»,- ասել է Վիետնամից կենսաբան Էլիս Լատինը։

Իսկ 2013 թվականին Ճապոնիայում բռնված կենդանիների մոտ գտնված վիրուսը ներկայիս կորոնավիրուսի հետ համընկել է 81,5 տոկոսով։ Սա չափից ավելի ոչ մեծ նմանություն է, որպեսզի հնարավոր լիներ վիրուսը համարել SARS-CoV-2-ի ծագման մասին տվյալների աղբյուր․ այն միայն պատկերացում է տալիս կորոնավիրուսների բազմակերպության մասին։ Դրանից բացի, վիրուսի այս տարատեսակը չի կարող փոխանցվել մարդուն։



© NEWS.am Medicine