Գրիպ եւ կորոնավիրուս. Կարո՞ղ են արդյոք երկու վիրուսները միաժամանակ տարածվել եւ պե՞տք է արդյոք հիմա գրիպի դեմ պատվաստվել

19:01   24 նոյեմբերի, 2020

Հայաստանում գրիպի եւ ՍՇՎՎ-ի սեզոնը սկսվում է հոկտեմբերին, բայց հիվանդացության գագաթնակետը սովորաբար լինում է դեկտեմբեր-փետրվար ամիսներին, հենց այս ամիսներին է սովորաբար գրանցվում վարակվածների ամենամեծ թիվը: Այժմ Հայաստանի հիվանդանոցներում կան կորոնավիրուսային վարակ ունեցող բազմաթիվ հիվանդներ, սակայն, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության պատվաստման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, դա ամենեւին հիմք չի տալիս ենթադրելու, որ այս սեզոնին գրիպ կամ այլ վիրուսային վարակներ չեն լինի:

Կորոնավիրուսը եւ մյուս վիրուսները

Որոշ մասնագետներ կարծում են, որ համավարակի պայմաններում կորոնավիրուսը կարող է «ճնշել» սեզոնային այլ վիրուսներին, բայց ոչ բոլորն են կիսում այս կարծիքը:

«Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին, բայց մինչեւ մայիս մենք շարունակում էինք գրիպի դեպքեր գրանցել` եւ՛ «A», եւ՛ «B» ենթատեսակների: Ե՛ւ սեզոնային գրիպի, ե՛ւ COVID-19-ի պաթոգենները սեզոնային ակտիվություն ունեցող վիրուսներն են, եւ այժմ չկան հիմքեր պնդելու, որ այս վիրուսներից մեկը կարող է «ճնշել» մյուսին»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի եւ կարմրուկի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալները նույնն են վկայում՝ շատ երկրներում, կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդիկ սկսել են ավելի հազվադեպ պատվաստվել կարմրուկի դեմ, ինչը հանգեցրել է նան, որ կարմրուկի վիրուսը սկսել է ակտիվորեն տարածվել՝ կորոնավիրուսի հետ միասին։

«Այս փաստը նույնպես հերքում է այն կարծիքը, որ կորոնավիրուսը կարող է «ճնշել» այլ վիրուսներին»,- ասաց մասնագետը:

Այս ամենը նշանակում է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում չպետք է մոռանալ այլ վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու մասին՝ չպետք է բաց թողնել կարմրուկի, սեզոնային գրիպի կամ այլ վերահսկվող վարակների դեմ պատվաստումները:

Ռիսկի խմբերը

Մասնագետի խոսքով՝ ռիսկային խմբերի ներկայացուցիչներն առավել խոցելի են սեզոնային գրիպի նկատմամբ՝ նրանց մոտ ավելի մեծ է վարակման վտանգը կամ վարակի հետեւանքով վտանգավոր բարդությունների զարգացումը: Եվ այս խմբի մարդկանց խորհուրդ է տրվում այժմ արդեն պատվաստվել գրիպի դեմ, որպեսզի մինչեւ դեկտեմբեր նրանց մոտ հասցնի իմունիտետ ձեւավորվել:

Գրիպի հիմնական ռիսկային խմբերն են.

 

Զինվորները եւ վիրուսները

Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, այս եւ հաջորդ տարի հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաեւ զինծառայողներին, ովքեր նույնպես պետք է պատվաստվեն սեզոնային գրիպի: Քանի որ բանակում, ինչպես մյուս փակ հաստատություններում, հատկապես մեծ է ցանկացած վարակիչ հիվանդության տարածման ռիսկը, խորհուրդ է տրվում պաշտպանել զինվորներին գոնե սեզոնային գրիպից, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր չկան:

Մասնագետի խոսքով՝ այժմ Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստում են այն երիտասարդներին, ովքեր ձմռանը զորակոչվելու են բանակ: Արդեն ծառայության մեջ գտնվողների պատվաստումների կազմակերպման վերաբերյալ պաշտպանության նախարարության հետ բանակցություններ դեռ չեն անցկացվում: Սակայն գործող զինվորներին, ըստ Գայանե Սահակյանի, պետք է պատվաստել, որպեսզի նրանք պաշտպանված լինեն գրիպից եւ դրա բարդություններից:

Որտեղ կարելի է պատվաստվել գրիպի դեմ

Հայաստանում գրիպի դեմ հնարավոր է պատվաստվել բնակության վայրի պոլիկլինիկաներում, եւ վերը նշված ռիսկային խմբերի մարդկանց համար պատվաստանյութն անվճար է:

Հիշեցնենք, որ այս սեզոնին Հայաստանում օգտագործվում է ֆրանսիական արտադրության եռավալենտ եւ հարավկորեական արտադրության քառավալենտ պատվաստանյութ: Երկուսն էլ պաշտպանում են A H1N1, A H3N2 գրիպի շտամերից եւ «B» տեսակի գրիպի 1-ին կամ 2-րդ ենթատեսակներից:

 



© NEWS.am Medicine