Առողջ 19-ամյա պատանին կորոնավիրուսով է վարակվել եւ մեկ շաբաթ անց մահացել

09:46   25 նոյեմբերի, 2020

Անգլիական Ուոլսոլ քաղաքից (Ուեսթ Միդլենդս կոմսություն) մարզիկ 19-ամյա Քեմերոն Վելինգթոնը հիվանդացել է COVID-19-ով եւ ախտորոշումը կատարելուց հետո շուրջ մեկ շաբաթ անց մահացել է։

Քեմերոնն, իր ծնողների խոսքով, առողջ երիտասարդ էր եւ քրոնիկական հիվանդություններ չուներ, հայտնում է Birmingham Mail պարբերականը։ Նա նաեւ ռեսթլինգով էր զբաղվում։

Նոյեմբերի 10-ին նրա մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա են ախտորոշել։ Նրա վիճակն այդ պահից սկսած վատթարացել է, բայց նա հրաժարվել է դա խոստովանել։

«Քեմերոնը հավաստիացնում էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է, բայց ես զգում էի, որ ինչ-որ բան այնպես չէ։ Նա ավելի ու ավելի գունատ էր դառնում»,- պատմում է պատանու մայրը։

Քեմերոնին նոյեմբերի 18-ին հոսպիտալացրել են շնչառական խնդիրների պատճառով։ Բժիշկները ստիպված էին թոքերի վիրահատություն կատարել եւ նրան ուրիշ հիվանդանոց տեղափոխել։ Նոյեմբերի 19-ին երիտասարդը ենթարկվել է սրտի վիրահատության, որից կարճ ժամանակ անց մահացել է։

«Այս ամենը մեզ համար ցնցում էր։ Քեմերոնն ավելորդ քաշ ուներ, բայց նա մարզական վիճակում էր եւ առողջ էր»,- ասել է Քեմերոնի մայրը։

Նա մարդկանց կոչ է արել ավելի լրջորեն վերաբերվել COVID-19-ին եւ իրենց մասին հոգ տանել։



© NEWS.am Medicine