Երեխաներն իսկապես հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով․ հետազոտություն

20:08   25 նոյեմբերի, 2020

Երեխաներն իսկապես ավելի հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով եւ սովորաբար կարոնավիրուսային ինֆեկցիան թեթեւ են տանում կամ ասիմպտոմ կրողներ են։ Այս մասին արդեն բավականին վաղուց է հայտնի, եւ ԱՄՆ-ից բժիշկների խմբի նոր հետազոտությունը դա հաստատել է։

Գիտնականները վերլուծել են 1-ից մինչեւ 18 տարեկան ավելի քան 135 հազար երեխաների կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման արդյունքները, որոնց հետազոտել են ամերիկյան 7 հիվանդանոցներում, հայտնում է Medportal.ru-ն։ Ապրիլից սեպտեմբեր միայն 5374 (4 տոկոսը) երեխաների մոտ է հաստատվել կորոնավիրուսը, հոսպիտալացման կարիք է ունեցել նրանցից 359-ը։ Մահացել է 8 վարակված երեխա, ընդ որում՝ նրանցից 6-ի մոտ ախտորոշվել են բարդ քրոնիկական հիվանդություններ։

Գիտնականների խոսքով՝ կան մի քանի գործոններ, որոնք կարող են ազդել կորոնավիրուսով երեխաների վարակվելու հավանականության վրա։ Այսպես՝ սրտի հիվանդություններով երեխաները 18 տոկոսով ավելի հաճախ են վարակվել կորոնավիրուսով՝ նրանց համեմատությամբ, ովքեր առողջական այդպիսի խնդիրներ չունեն։ Մենթալ խանգարումներով երեխաների շրջանում վարակման հավանականությունը մեծացել է մինչեւ 20 տոկոսով։ Հատկանշական է, որ անամնեզում ասթմայի եւ շնչառական այլ հիվանդությունների առկայությունը ոչ մի կերպ չի ազդել SARS-CoV-2-ով վարակվելու հավանականության վրա։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ վարակման հավանականությունը ավելի մեծ է սեւամորթ, ինչպես նաեւ ասիական եւ լատինաամերիկյան ծագմամբ պացիենտների շրջանում։ Այսպես՝ սեւամորթ երեխաների շրջանում 2,66 անգամ ավելի մեծ է դրական թեստ ստանալու հավանականությունը, իսկ լատինաամերիկացիների եւ ասիացիների շրջանում՝ 3,75 եւ 2,04 անգամ։ Դրանից բացի, սպիտակամորթ երեխաների համեմատությամբ՝ այսպիսի պացիենտների շրջանում զգալիորեն մեծ է COVID-19-ի դեպքում բարդությունների հավանականությունը։



© NEWS.am Medicine