Որքա՞ն արդյունավետ են տարատեսակ դիմակները. մասնագետների կարծիքը

11:43   29 նոյեմբերի, 2020

Վարակներից պաշտպանվելու համար առավել արդյունավետ են դիմակները, որոնք ունեն առնվազն երեք շերտ: Այդ մասին հայտնում են Վիրգինիայի Պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները:

The Best Life Online-ի հաղորդմամբ՝ հետազոտության շրջանակում վերոնշյալ մասնագետները ստուգել են դիմանկերի 11 տարբեր տեսակներ, այդ թվում՝ ինը շերտ ունեցող դիմակ: Նրանք նաեւ ստուգել են դեմքի համար պաշտպանիչ վահանի եւ վիրաբուժական դիմակի արդյունավետությունը:

Մասնագետների խոսքով՝ վարակներից առավել արդյունավետ պաշտպանում է եռաշերտ դիմակը, որի առաջին երկու շերտը ամուր հյուսված, սակայն էլաստիկ կտորից է, որը թույլ է տալիս դիմակին համապատասխանել դեմքի բնական ծալքերին: Այդ շերտերի արանքում պետք է գտնվի ֆիլտրող շերտ: Այդպիսի կառուցվածքն ապահովում է արդյունավետ ֆիլտրում 90 տոկոսով:

Այդ արդյունքներն ապացուցում են Դյուքի համալսարանի հետազոտությունները, որոնք հրապարակվել էին Science Advances պարբերականում սեպտեմբերին: Այդ ժամանակ գիտնականները ուսումնասիրել էին 14 տարբեր դիմակներ եւ պարզել, որ վիրուսի մեջ պարունակվող հեղուկի միկրոսկոպիկ կաթիլները լավագույնս արգելափակում են հենց եռաշերտ դիմակները: Օրինակ՝ պոլիպրոպիլենով եռաշերտ դիմակն ազդում է որպես ֆիլտր բամբակի երկու շերտերի միջեւ:



© NEWS.am Medicine