Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակն անգամ առանց դիաբետի կարող է մեծացնել COVID-19-ից մահացության ռիսկը. հետազոտություն

20:55   29 նոյեմբերի, 2020

Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը կարող է մեծացնել COVID-19-ից մահացության ռիսկը, անգամ եթե պացիենտը չունի շաքարային դիաբետ: Այդ եզրահանգման են եկել իսպանացի հետազոտողները:

Արդեն վաղուց շաքարային դիաբետը հայտնի է որպես COVID-19-ի ծանր արտահայտված ընթացքի եւ դրա հետեւանքով մահացության ռիսկի գործոն: Համաձայն Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի հաշվետվության՝ 1-ին տիպի դիաբետ ունեցող մարդկանց շրջանում կորոնավիրուսային վարակից մահվան ռիսկը 3,5 անգամ բարձր է՝ ի տարբերություն դիաբետ չունեցող մարդկանց մոտ ռիսկի: 2-րդ տիպի դիաբետ ունեցող պացիենտների մոտ այդ ռիսկը բարձր է 2 անգամ:

Սակայն արյան մեջ շաքարի մակարդակը կարող է բարձրանալ ոչ միայն դիաբետի դեպքում, այլ նաեւ այլ վիճակներում, օրինակ, լյարդի եւ աղեստամոքսային տրակտի որոշ պաթոլոգիաների, էնդոկրին գեղձերի բորբոքային հիվանդությունների, հորմոնալ դիսբալանսի կամ հղիության դեպքում:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ իսպանացի գիտնականները վերլուծել են ավելի քան 11 000 պացիենտների տվյալները, որոնք հոսպիտալացվել էին մարտից մայիս ընկած ժամանակահատվածում, կամ նրանց բժշկական քարտերում եղել են տվյալներ դիաբետիկների համար դեղամիջոցներ ընդունելու մասին: Հոսպիտալացման պահին յուրաքանչյուր հիվանդ արյան անալիզ է հանձնել դիաբետ հայտնաբերելու նպատակով, որի արդյունքների հիման վրա մարդկանց բաժանել են երեք խմբի՝ արյան մեջ շաքարի նորմալ, բարձր եւ շատ բարձր մակարդակ:

COVID-19-ի հետեւանքով մահացած հիվանդների շրջանում (ընտրանքի ավելի քան 20 տոկոսը) 41.1 տոկոսի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր էր: Այդ պացիենտներն ավելի երկար ժամանակ են անցկացրել հիվանդանոցում եւ ավելի հաճախ են ունեցել ինտենսիվ թերապիայի կարիքը, այդ թվում՝ թոքերի արհեստական վենտիլյացիայի՝ ի տարբերություն շաքարի նորմալ մակարդակով մարդկանց:



© NEWS.am Medicine