Արհեստական ​​բանականությունը կօգնի COVID-19-ով հիվանդների հայտնաբերել

12:58   1 դեկտեմբերի, 2020

Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականներն արհեստական ​​բանականություն են մշակել, որը COVID-19 է հայտնաբերում թոքերի ռենտգենյան պատկերների վերլուծության միջոցով:

FIT-ը հայտնում է, որ DeepCOVID-XR անվանումը ստացած մեքենայական ուսուցման ալգորիթմը գերազանցել է մասնագիտացված ռենտգենոլոգների թիմին. այն ռենտգենյան պատկերների միջոցով մոտ 10 անգամ ավելի արագ եւ ավելի ճշգրիտ է հայտնաբերել վարակը:

Հետազոտողների խոսքով` բժիշկները կարող են արհեստական ​​ինտելեկտի համակարգն օգտագործել հիվանդանոցներ ընդունված հիվանդներին արագ հետազոտության համար: Ծրագրի կողմից ընտրված հիվանդները կարող են ավտոմատ կերպով մեկուսացման եւ թեստավորման ուղարկվել:

Մշակման հեղինակների կարծիքով` ռենտգենն այսօր էժան եւ բավականին անվտանգ հետազոտության մեթոդ է համարվում: Եվ համակարգին ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ` հիվանդին ստուգելու եւ պարզելու` արդյոք նա մեկուսացման կարիք ունի, թե ոչ:

Հետազոտողները կրծքավանդակի 17.002 ռենտգենյան պատկեր են օգտագործել` նոր ալգորիթմի մշակման եւ փորձարկման համար: Այս պատկերներից 5445-ը ստացվել է կորոնավիրուսով վարակված հիվանդներից:

Թիմը DeepCOVID-XR-ի փորձարկում է իրականացրել` համեմատելով ծրագրային վերլուծության արդյունքները հինգ փորձառու ռենտգենոլոգների գնահատականի հետ: Յուրաքանչյուր ռենտգենոլոգից 2.5-3.5 ժամ է պահանջվել` 300 պատկերներից ներկայացված հավաքածուն ուսումնասիրելու համար, մինչդեռ արհեստական ​​ինտելեկտը դա արել է ընդամենը 18 րոպեում: Ռենտգենոլոգների գնահատականի ճշգրտությունը 76-81 տոկոս էր, DeepCOVID-XR-ինը` 82 տոկոս:



© NEWS.am Medicine