Ռուսաստանում ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի նախատիպեր են մշակվել

17:30   1 դեկտեմբերի, 2020

Ռուսաստանում ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութերի մի քանի նախատիպ է մշակվել: Այս մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պոպովայի խոսքով` Ռուսաստանը երկար տարիներ մասնակցում է ՄԻԱՎ վարակի դեմ պատվաստանյութի մշակմանը:
«Մենք մեր սեփական նախատիպերն ունենք, մենք մեր պատվաստանյութերն ունենք»,- ասել է Պոպովան:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը պարզաբանել է, որ դեղամիջոցները կան այդ թվում նաեւ «Վեկտոր» կենտրոնում եւ որոշ այլ գիտական ​​կազմակերպություններում: Նրա կարծիքով` Ռուսաստանը հնարավորություն ունի ավարտել պատվաստանյութի ստեղծումն իմունային անբավարարության վիրուսի դեմ:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի վերջին տվյալների համաձայն` վերջին տարիներին Ռուսաստանում ՄԻԱՎ վարակի տարածման մակարդակը նվազում է: 2020 թվականի տաս ամսվա ընթացքում գրանցվել է վարակման 49.920 նոր դեպք, անցյալ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 65.796 դեպք: Երկրում կա ընդհանուր ավելի քան մեկ միլիոն վարակված:



© NEWS.am Medicine