Կաղնե մակերեւույթները կարող են «հակամանրէային» արդյունավետություն ունենալ․ հետազոտություն

21:46   1 դեկտեմբերի, 2020

Հակաբիոտիկների հանդեպ բակտերիաների կայունությունն այսօր աշխարհի ամենամեծ խնդիրներից մեկն է: Նոր դեղամիջոցների որոնումից բացի, գիտնականները փորձում են գտնել ծածկույթներ եւ նյութեր, որոնց վրա մանրէները չեն կարող ակտիվորեն բազմանալ: Ինչպես փոխանցում է Medical Express-ը, Նանտում Փայտի բարձրագույն դպրոցի մասնագետները բժշկական հաստատություններում ստուգել են տարբեր տեսակի մակերեւույթներ, որոնց վրա կարող են դեղորայքի հանդեպ կայուն մանրէներ լինել:

Նրանք համեմատել են չմշակված կաղնին, ալյումինը, պոլիկարբոնատը եւ չժանգոտվող պողպատը: Ինչպես պարզվել է, հակառակ մասնագետների սպասումներին, կաղնին մյուս նյութերից ավելի արդյունավետ է կանխել պաթոգենների աճը՝ այն ոչ միայն չի նպաստել մանրէների աճին, այլ ընդհակառակը՝ ճնշել է այն: Դա ապացուցել է մի շարք պաթոգենների ՝ Acinetobacter baumannii-ի, Enterococcus faecalis-ի, Klebsiella pneumoniae-ի եւ Staphylococcus aureus-ի, օգտագործմամբ փորձը: Տարբեր մակերեսների վրա մանրէային բջիջների գոյատեւումը ստուգվել է փորձերի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ եւ 15-րդ օրը:

Փորձը ցույց է տվել, որ բակտերիաների քանակը արագորեն նվազում է լայնակի կամ տանգենցիալ կտրվածքով կաղնու վրա: Լայնակի կտրելիս փայտը կունենա ավելի բարձր ծակոտկենություն` համեմատած տանգենցյալ կտրվածքի հետ: Սակայն, չնայած դրան, գիտնականները մեծ տարբերություն չեն գտել լայնակի եւ տանգենցիալ կտրված կաղնու միջեւ՝ մանրէների աճը ճնշելու ունակության առումով:

Գիտնականները կաղնու հակամանրէային հատկությունները բացատրում են հետեւյալ կերպ՝ փայտանյութը հիգրոսկոպիկ է, եւ դրա մանրաթելերը կարող են կլանել խոնավությունը ու այն անհասանելի դարձնել մանրէների համար՝ դրանով իսկ սահմանափակելով դրանց աճը կամ սպանելով դրանց՝ չորացման ազդեցության հաշվին: Հետո, ծառերն ունեն մանրէների դեմ քիմիական պաշտպանության մեխանիզմ՝ էքստրակտիվ նյութերի տեսքով: Այս միացություններն ունեն հակամանրէային ակտիվություն:

 



© NEWS.am Medicine