Նոր մշակումը մի քանի ժամում կարող է որոշել հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը

18:11   2 դեկտեմբերի, 2020

Թոմաս Ուոթսոնի անվան ինժեներական եւ կիրառական գիտությունների քոլեջի նոր մշակումը մի քանի ժամում կարող է որոշել հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը:

Eurek Alert-ի հաղորդմամբ՝ հակաբիոտիկակայունությունը լրջագույն խնդիրներից մեկն է ամբողջ աշխարհի առողջապահական ոլորտում: Ռեզիստենտ վարակ ախտորոշման արագությունը կարեւոր դեր ունի: Սակայն լաբորատորիայում հակաբիոտիկառեզիստենտության որոշման համար առնվազն 1-2 օր է պահանջվում:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել էլեկտրոնների բակտերիալ փոխանցման վրա: Եվ հենց էլեկտրոնների փոխանցմամբ կարելի է դատել բակտերիալ վարակի մասին:

Գիտնականների կողմից ստեղծված փորձարարական սարքը շարունակաբար վերահսկում է մանրէների արտաբջջային էլեկտրոնների տեղափոխումը: Այդ սարքի աշխատանքի սխեման պարզ է. պացիենտից վերցվում է բակտերիալ նմուշ, որը մշակում են տարբեր հակաբիոտիկներով, որից հետո չափում են էլեկտրոնների փոխանցման արագությունը: Ավելի ցածր ցուցանիշը նշանակում է, որ հակաբիոտիկներն աշխատում են: Սարքը կարող է տվյալներ տրամադրել նաեւ հակաբիոտիկների նկատմամբ կայունության մասին 5 ժամում: Սարքի նախատիպն ունի 8 հաղորդիչ, որոնք տպագրված են թղթի հիմքի վրա, սակայն հետագայում դրանց թիվը կարող է հասնել մինչեւ 64-ի կամ 96-ի:

Չնայած նրան, որ շատ մանրէներ էներգիա են արտադրում, որոշ ախտածիններ էլեկտրոնների արտաբջջային փոխանցում չեն իրականացնում եւ չեն կարող վերլուծվել նոր սարքի վրա: Օրինակ, աղիքային ցուպիկը էլեկտրոնների փոխանցում չի իրականացնում բջջի ներսից դուրս: Սակայն կան քիմիական միացություններ, որոնք նպաստում են էլեկտրոնների փոխանցմանը, եւ դա, մասնագետների խոսքով, թեստային համակարգն ունիվերսալ է դարձնում: 



© NEWS.am Medicine