Ի՞նչ կապ կա երաշտի եւ կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի տարածման միջև

23:24   2 դեկտեմբերի, 2020

Երաշտը եւ ջրի պակասը բացասաբար են ազդում գենդերային անհավասարության խնդրի վրա ՄԻԱՎ-ի բեռում, պարզել են Լիհայի համալսարանի հետազոտողները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Social Indicators Research ամսագրում:

Գիտնականները կանխատեսում են, որ մինչեւ 2025 թվականը 1.8 միլիոն մարդ կապրի ջրային ռեսուրսների պակաս ունեցող երկրներում, շատ տարածաշրջաններ երաշտի խնդրի առջեւ կկանգնեն: Ցանկանալով բացատրություն գտնել այն փաստին, որ աշխարհում (հատկապես զարգացող երկրներում) ՄԻԱՎ-ով կանանց թիվն անհամաչափ մեծ է, գիտնականները կիրառել են կառուցվածքային հավասարումների մոդելավորման մոտեցումը` ստուգելու համար անուղղակի եւ ուղիղ կապերը պարենային անապահովության եւ ՄԻԱՎ-ի միջեւ, ինչպես նաեւ գործոնների պատճառական շղթան, այդ թվում` երաշտի, պարենային անապահովության եւ ՄԻԱՎ վարակի կանանց շրջանում:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երաշտը բացասաբար է ազդում պարենային անվտանգության վրա, ինչն իր հերթին անուղղակի բացասական ազդեցություն է ունենում կանանց կարգավիճակի վրա, այդ թվում` կրթության ցածր մակարդակ, ծնելիության բարձր մակարդակ եւ բժշկական ծառայությունների սահմանափակ մատչելիություն:
Քանի որ կնոջ կարգավիճակը եւ հակաբեղմնավորիչների օգտագործումը (որոնցից որոշները, մասնավորապես, պահպանակները պաշտպանում են ոչ միայն անցանկալի հղիություններից, այլեւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից) սերտորեն կապված են, այդ խոչընդոտներն ուղղակիորեն մեծացնում են ՄԻԱՎ վարակի դեպքերի տոկոսը կանանց շրջանում` հաստատելով հետազոտողների վարկածը:



© NEWS.am Medicine