Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի օգտագործումը՝ գիտական եւ ուսումնական նպատակներով. ՀՀ օրենքում լրացումներ են կատարվում

12:29   2 դեկտեմբերի, 2020

Փորձագիտական կենտրոնները թույլտվություն կստանան գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործել թմրամիջոցներ եւ հոգեներգործուն նյութեր՝ համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում: Նման լրացում է նախատեսվում կատարել Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի մասին ՀՀ օրենքում եւ հարակից օրենքներում:

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս օրինագծով նախատեսված փոփոխությունները զետեղված եղել են օրենքում, բայց մի քանի տարի առաջ փոփոխությունների արդյունքում դրանց կարգավորումը դուրս է մնացել, իսկ գործնականում բավական բարդություններ են ստեղծել:

«Ինչպես գիտենք, փորձագիտական եզրակացության համար անհրաժեշտություն է առաջանում, որ տվյալ նյութերը որոշակի փորձաքննություններ անցնեն, եւ տվյալ փորձագիտական կենտրոնները պետք է ունենան համապատասխան իրավական լիազորություններ՝ դրանք իրականացնելու համար: Մեր նպատակն էր օրենսդրական բացը լրացնել: Նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական կենտրոնները եւ գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան տվյալ խիստ հսկվող նյութերի շրջանառությունը ապահովել», - նշեց Ավանեսյանը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն իր հերթին առաջարկեց նախագծում հստակեցնել, թե այս կոնտեքստում ինչ է նշանակում "օգտագործել" բառը:



© NEWS.am Medicine