Երիկամների քրոնիկական հիվանդություն. COVID-19-ի դեպքում հոսպիտալացման ռիսկի կարեւոր գործոն

10:32   5 դեկտեմբերի, 2020

Երիկամների քրոնիկական հիվանդությունը COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում հոսպիտալացման հավանականության առաջատար գործոնն է: Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLoS ONE ամսագրում:

Հետազոտության հեղինակները վերլուծել են գրեթե 13 հազար պացիենտների հիվանդության էլեկտրոնային պատմությունները, որոնք SARS-CoV-2 կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստ են անցել: Նրանցից 1600-ի թեստի արդյունքը դրական էր, ընդ որում՝ 354-ը հոսպիտալացման կարիք ուներ:

Հետազոտության հեղինակները վերլուծել են հոսպիտալացման եւ պացիենտների մոտ տարբեր հիվանդությունների, ներառյալ սիրտ-անոթային եւ շնչառական համակարգի, երիկամների հիվանդությունների առկայության, նյութափոխանակության միջեւ կապը, հայտնում է Medportal.ru-ն: Նրանք ուշադրություն են դարձրել այն փաստին, որ հոսպիտալացման հետ երիկամների քրոնիկական հիվանդության կապն ամենաարտահայտվածն էր. COVID-19-ով եւ երիկամային անբավարարության վերջին փուլերով պացիենտները հիվանդանոցում են հայտնվել 11 անգամ ավելի հաճախ, քան առողջ երիկամներով մարդիկ:

«Նախկինում հետազոտություններով հայտնաբերվել են բազմաթիվ տարբեր հիվանդություններ, որոնք կապված են COVID-19-ի դեպքում հոսպիտալացման հավանականության մեծացման հետ: Դրանց թվում են շաքարային դիաբետը, սրտային անբավարարությունը, հիպերտոնիան, երիկամների քրոնիկական հիվանդությունը: Մեր հետազոտության նշանակալիությունն այն է, որ մենք ցույց ենք տվել, թե որքան մեծ է հիվանդ երիկամների հետ կապված վտանգը»,- ասում է Գիսինգերի երիկամների առողջության հետազոտության ինստիտուտի համատնօրեն, նեֆրոլոգ, հետազոտության համահեղինակ Ալեքս Չանգը:

Գիտնականների խոսքով՝ այս տվյալները համաձայնեցվում են նախորդ հետազոտությունների հետ. երիկամներում կա APF-2 ռեցեպտորների մեծ քանակություն, որոնք կորոնավիրուսն օգտագործում է օրգանիզմի մեջ թափանցելու համար: COVID-19-ի դեպքում օրգանիզմի բորբոքային պատասխանը կարող է ապակայունացնել օրգանները, որոնք արդեն ախտահարված էին քրոնիկական հիվանդությամբ:



© NEWS.am Medicine