Գիտնականները նոր ինսուլին են մշակել, որը կարող է հարմարվել շաքարի մակարդակին

09:47   8 դեկտեմբերի, 2020

Կոպենհագենի համալսարանի եւ Gubra բիոտեխնոլոգիական ընկերության գիտնականները մշակել են ինսուլինի նոր մոլեկուլ, որն ինքնուրույն հարմարվում է շաքարի մակարդակին: Դրա շնորհիվ հնարավոր կլինի 1-ին տիպի դիաբետով պացիենտների համար նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը ստուգելու անհրաժեշտությունը:

Ինսուլինի նոր մոլեկուլը բարելավում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումը, ինչը դրա օգտագործումն ավելի դյուրին է դարձնում եւ անվտանգ դիաբետով պացիենտների համար, հայտնում է Innovation Origins-ը:

1-ին տիպի դիաբետի ժամանակ օրգանիզմն ինսուլին չի արտադրում, ուստի պացիենտները ստիպված են այս հորմոնը ստանալ ներարկման կամ ինսուլինային պոմպի միջոցով: Դիաբետով պացիենտները ստիպված են պարբերաբար ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, որ ճշտեն ինսուլին ներարկելու անհրաժեշտությունը:

Մշակողների խոսքով՝ ինսուլինի նոր մոլեկուլը ազատում է այս անհրաժեշտությունից՝ երաշխավորելով, որ օրգանիզմը ստանում է ինսուլինի ճիշտ ընտրված քանակություն: Սովորական ինսուլինը միշտ միատեսակ է ազդում՝ նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Քանի որ նոր մոլեկուլն ինքնուրույն է հարմարվում, ինքն է որոշում՝ անհրաժե՞շտ է ավելի շատ ինսուլին, թե՞ ոչ:

Նոր մշակումն ունի մոլեկուլային կապ, որը թույլ է տալիս գնահատել, թե արյան մեջ ինչպիսին է շաքարի մակարդակը: Երբ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, մոլեկուլը սկսում է մեծ ակտիվություն դրսեւորել (գործարկվում է վերարտադրման մեխանիզմը): Երբ արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է, մոլեկուլը դառնում է պակաս ակտիվ: Այսինքն այն մշտապես ինսուլին է արտադրում, բայց քանակությունը կարգավորում է ըստ անհրաժեշտության:



© NEWS.am Medicine