Ձկնեղենը մտավոր կարողություննե՞ր է խթանում

16:21   6 օգոստոսի, 2014

Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ ձկնեղենը նաեւ ուղեղի համար է օգտակար: Ինչպես փորձագետներն են նշում, սննդակարգի մեջ շաբաթական մեկ անգամ եփված կամ գրիլ ձկնեղեն ներառելով՝ կարող եք մտավոր առողջությանը սպառնացող տարատեսակ խանգարումներից, մասնավորապես՝ ծերունական թուլամտությունից խուսափել, հաղորդում է NewsMax Health-ը:

Փիթսբուրգի համալսարանին կից գործող բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները բացահայտել են, որ վերոհիշյալ սննդակարգին հետեւող մարդկանց ուղեղի՝ հիշողության եւ կոգնիտիվ կարողությունների համար պատասխանատու հատվածները առավել մեծ ծավալներով են աչքի ընկնում:

«Սակայն տարօրինակն այն է, որ փոփոխությունը օմեգա-3 ճարպաթթուների բարձր բաղադրությամբ չի պայմանավորվում», - նշել է համասլարանի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ջեյմս Բեկերը:

Փորձագետների գնահատմամբ, 2040թ.-ի դրությամբ ավելի քան 80 մլն մարդ թուլամտությամբ է տառապելու, ինչը առողջապահական ծախսերի զգալի աճ եւ ընտանեկան լուրջ խնդիրների առկայություն է ենթադրում: Ի թիվս այլ պատճառների, տարեց մարդկանց մոտ կոգնիտիվ կարողությունների խանգարումները, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացումը ֆիզիկական ցածր ակտիվությամբ, ճարպակալմամբ եւ ծխելու սովորությամբ է պայմանավորվում:

Բժշկությանը վաղուց է հայտնի, որ օմեգա-3 ճարպաթթուները, որոնցով ձկնեղենի, ընդեղենի եւ յուղի որոշ տեսակներ են հարուստ, կարող են  ընդհանուր առողջարար ֆոն առաջարկել՝ մարդու օրգանիզմի համար:

Վերը հիշատակված հետազոտության 260 մասնակիցներն իրենց սննդակարգի վերաբերյալ մանրամասն տվյալներ են հաղորդել փորձագետներին եւ պարբերաբար մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ենթարկվել:



© NEWS.am Medicine