Տղամարդիկ 39 տոկոսով ավելի հաճախ են մահանում COVID-19-ից. հետազոտություն

13:59   11 դեկտեմբերի, 2020

SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված տղամարդիկ երեք անգամ ավելի շատ ինտենսիվ խնամքի կարիք ունեն, քան կանայք եւ մահվան ավելի բարձր վտանգի տակ են: Այս մասին հայտնում են Քեյփթաունի համալսարանի (Հարավային Աֆրիկա) գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Փորձագետները վերլուծել են կորոնավիրուսով վարակման ավելի քան երեք միլիոն հաստատված դեպք 46 երկրից եւ ԱՄՆ 44 նահանգից 2020 թվականի հունվարի 1-ից հունիսի 1-ը: Պարզվել է, որ վարակման վտանգը կանանց եւ տղամարդկանց մոտ նույնն է, քանի որ հաստատված դեպքերի «ուղիղ կեսը» բաժին էր ընկնում արական սեռի հիվանդներին: Սակայն տղամարդիկ 39 տոկոսով ավելի հաճախ են մահացել COVID-19 կորոնավիրուսային վարակից:

Հետազոտողները ռիսկի գործոններից մեկն են համարում բնածին եւ հարմարվողական իմունային համակարգի սեռային տարբերությունները: Կանանց օրգանիզմում ավելի շատ են I տեսակի ինտերֆերոնի սպիտակուցներ արտադրվում, որոնք սահմանափակում են անբնական իմունային պատասխանը, որը հայտնի է որպես ցիտոկինային փոթորիկ եւ առանցքային դեր է խաղում ծանր բարդություններում: Ըստ մասնագետների` էստրադիոլ հորմոնն օգնում է նաեւ պայքարել վիրուսի դեմ, քանի որ այն ուժեղացնում է T-լիմֆոցիտների արձագանքը, որոնք ոչնչացնում են վարակված բջիջները, եւ մեծացնում է հակամարմինների արտադրությունը:

Սակայն չի բացառվում նաեւ, որ մահվան ռիսկը մեծացնում են նաեւ այլ հիվանդությունները, որոնք տղամարդկանց մոտ ավելի հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ, օրինակ` հիպերտոնիկ եւ շաքարային դիաբետը:



© NEWS.am Medicine