Արցախի երեխաները Ստեփանակերտում անվճար հոգեբանական օգնություն կստանան

16:05   18 դեկտեմբերի, 2020

Այսօր ռազմական գործողություններից տուժած արցախյան ընտանիքները բազմաթիվ լուրջ խնդիրների են բախվում: Սակայն դրանք լուծելիս մեծահասակները հաճախ մոռանում են իրենց երեխաների հոգեբանական վիճակի մասին, ովքեր նույնպես ծանր սթրես են ապրում տեղի ունեցածի պատճառով:

Ռազմական գործողությունների արդյունքում հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներին կօգնի «Դեպի կյանք» նախաձեռնությունը: Հոգեբան եւ հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կա 2 կենտրոն, որոնք ունեն ներուժ այդպիսի երեխաների հետ աշխատելու համար: «Դեպի կյանք» նախաձեռնության կողմից ստացված նվիրատվությունները կօգնեն ֆինանսավորել այդ կենտրոնները, ինչպես նաեւ դասընթացներ կազմակերպել դրանց մասնագետների համար, որպեսզի նրանք կարողանան անհրաժեշտ օգնություն ցուցաբերել երեխաներին եւ դա անել ամբողջովին անվճար:

«Իրենց տունը եւ ունեցվածքը կորցրած շատ ընտանիքներ ստիպված տեղափոխվել են Ստեփանակերտ, նրանք լուրջ խնդիրների են բախվել եւ մեծ սթրեսի են ենթարկվել: Բայց, ցավոք, այս իրավիճակում երեխաների առջեւ ծառացած հոգեբանական խնդիրները հաճախ անտեսվում են, քանի որ հաճախ այդ խնդիրներն ակնհայտ չեն, տեսանելի չեն մեծահասակների համար: Առաջին հայացքից կարող է թվալ, որ երեխաներն ավելի հեշտությամբ կարող են տանել տեղի ունեցողը, հետեւաբար, նրանցով չեն զբաղվում, նրանց մասնագիտական ​​օգնություն չեն տրամադրում` չնայած իրականում նրանք դրա կարիքն ունեն», - նշեց մասնագետը:

Նրա խոսքով` արդեն 3-4 տարեկանից երեխաները կարող են սթրեսի ենթարկվել իրենց շուրջ տեղի ունեցողի պատճառով, ինչը կարող է բացասաբար ազդել նրանց հոգեբանական վիճակի եւ հոգեկան առողջության վրա: Իհարկե, ավելի մեծ երեխաները նույնպես խոցելի են. յուրաքանչյուր տարիք, ըստ մասնագետի, իր առանձնահատկություններն ունի, եւ գրագետ աշխատանք է անհրաժեշտ ցանկացած տարիքի երեխաների հետ, որպեսզի վերապրածը երկարաժամկետ ազդեցություն չունենա նրանց զարգացման վրա:

Ծրագրի շրջանակներում, ըստ մասնագետի, նախատեսվում է աջակցություն ցուցաբերել մի կողմից հենց երեխաներին, մյուս կողմից` նրանց ծնողներին: Երբեմն մեծահասակները չեն նկատում կամ տեղյակ չեն իրենց հոգեբանական խնդիրների մասին, եւ բացահայտել դրանք հաջողվում է երեխայի միջոցով: Պատահում է, որ երեխան բերվում է մասնագետի մոտ, ով աշխատանքի ընթացքում պարզում է, որ երեխայի խնդիրներն իրականում արտացոլում են նրա ծնողի կամ ծնողների խնդիրները: Նման իրավիճակներում ծնողի հետ գրագետ աշխատանքը բարենպաստ ազդեցություն է ունենում ամբողջ ընտանիքի վրա:

Ինչպես նշեց Արամ Հովսեփյանը, այսօր Ստեփանակերտում լավ մանկական հոգեբաններ կամ, ովքեր աշխատանքներ են տանելու նախաձեռնության շրջանակներում: Ռազմական գործողություններից տուժած բոլոր հիվանդների համար մասնագետների ծառայություններն անվճար կլինեն:

Հիշեցնենք, որ «Դեպի կյանք» նախաձեռնությունը ստեղծվել է պատերազմի զոհերին անվճար հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար: Դրա գործունեությունը համակարգվում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից եւ իրականացվում է հոգեկան առողջության ոլորտի մի քանի առաջատար կազմակերպությունների կողմից:

Այս նախաձեռնության շրջանակներում հայ մասնագետներն այսօր աշխատում են հայրենիք վերադարձած ռազմագերիների, ինչպես նաեւ ռազմական գործողությունների արդյունքում տուժած շատ այլ մարդկանց հետ:

Նվիրատվությունները «Դեպի կյանք» նախաձեռնությանը կարող եք կատարել այստեղ`

https://www.facebook.com/donate/704412470190960/10224785535692067/

Գումար կարելի է փոխանցել հետեւյալ հաշվեհամարին`

2470028033090000, HOVSEPYAN ARAM ASHOTI, ARDSHINBANK CJSC

Մասնագետի մոտ ընդունելության համար կարելի է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարին +374 99 117 975:



© NEWS.am Medicine