15 կգ-ի կորուստը՝ միանգամայն իրական հեռանկար (ֆոտո)

23:45   6 օգոստոսի, 2014

Վերջերս, հոգնելով սեփական քաշի հետ կռիվ տալով, ես ընկերներիս խորհրդով դիմել էի Da Vinci կլինիկա, եւ ահա, 80 օր անց, մարմինս այլեւս ինձ անհարմարություն չի պատճառում։  Ես այնպիսի թեթեւություն եւ շարժումների ազատություն եմ զգում, կարծես 5 տարով երիտասարդացած լինեմ:

Չեմ կարող ասել, թե այս 80 օրը հեշտ է անցել. երբեմն գայթակղությունների եմ տրվել, երբեմն էլ՝ ծայրահեղ հոգնածություն զգացել, բայց ամենակարեւորն այն է, որ քաղցի տանջահար զգացում չեմ ունեցել, բացառությամբ մի քանի դեպքերի, երբ սննդակարգի վերբեռնում կատարելիս ինչ-որ համեղ բան ուտելու ցանկություն էր առաջանում: Հիմնական բարդությունն այն էր, որ ես աշխատում եմ, ընդ որում, մեդիա ոլորտում, ինչը գրեթե ազատ ժամանակ չի թողնում, իսկ ինձ պահանջվում էր երկու ժամ մարզվելու համար, եւ բացի այդ, պետք էր ժամով սնվել, ինչը պակաս ջանք չի պահանջում։ Այնպես, որ «ժամանակ չունեմ»  արտահայտությունն ընդամենը սեփական ծուլության արդարացաումն է։ Իմ օրինակը ցույց տվեց, որ ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է։

Քաշի կորստին միտված գործընթացն այսքանով ավարտված չեմ համարում, ես դեռ մի փոքր էլ պետք է նիհարեմ: Պարզապես Da Vinci բժշկական հաստատության դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ աշխատանքի ակտիվ փուլն իր ավարտին է մոտեցել: Հիմա արդեն պետք է ինքնուրույն, առանց բժշկի մշտական վերահսկողության, սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության վերաբերյալ այն բոլոր գիտելիքները կիրառեմ, որ այս ընթացքում Հասմիկ Աբովյանից եմ ստացել:

Ստուգիչ կշռման ես կգամ արձակուրդից հետո, եւ սա եւս մեկ փորձություն կլինի ինձ համար, քանի որ բոլորս հրաշալի գիտենք, որ արձակուրդի ժամանակ ավելի դժվար է դիմակայել գայթակղությանը։

Պետք է խոստովանեմ, որ ի սկզբանե, երբ Հասմիկ Աբովյանը երկու ամսվա ընթացքում 10 կգ-ի կորուստ էր խոստանում, թերահավատորեն էի նրա խոսքին վերաբերվում: Իհարկե, գիտեի՝ ինչ քայլի եւ հանուն ինչի եմ գնում, պարզապես այսպիսի արագ արդյունք չէի ակնկալում, բայց երբ երկու ամիս անց քաշս 10 կգ-ից էլ ավել կորուստ էր գրանցել, հասկացա, որ վերջնական՝ ցանկալի արդյունքը միանգամայն հասանելի է:  Այնպես որ խորհուրդ եմ տալիս բոլոր կասկածողներին. վստահեք պրոֆեսիոնալկներին եւ հավատացեք Ձեր ուժերին, եւ ամեն բան կստացվի։

Երբ առաջին անգամ Da Vinci կլինիկայում կշեռքի վրա կանգնեցի, պարզվեց՝ 78,3 կգ եմ կշռում: Առաջին փուլում նպատակս 70 կգ-ից ցածր քաշ ունենալն էր, եւ այդ սահմանը ընդամենը մեկ ամսում անցա: Հետո էլ հաջորդ նշաձողը սահմանեցի՝ 65 կգ: Հիմա արդեն 63,9 կգ եմ կշռում, այնսինքն՝ երկրորդ սահմանն էլ հատել եմ, եւ դա բոլորովին էլ վերջը չէ:

Եվ այսպես, համեմատության համար, ստորեւ յուրաքանչյուր 20 օրը մեկ իրականացված չափումների արդյունքներն եմ ներկայացնում.

Քաշ – 63.9 կգ (67.2; 68.9; 72.8; 78.3)

Իրանի շրջագիծ – 81 սմ (86; 89; 91;100)

Կոնքի շրջագիծ – 101 սմ (104; 105; 108; 114)

Կրծքի շրջագիծ – 97 սմ (101; 101; 103; 106)

Որովայն – 94 սմ (95; 95; 105; 112).

Դիտեք լուսանկարները՝ քաշի կորստից առաջ եւ հետո.

Լուսանկարները՝ Արսեն Սարգյանի

Անահիտ Սարգսյան



© NEWS.am Medicine