Ճարպակալմամբ մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմինների մակարդակն ավելի ցածր է. հետազոտություն

18:09   30 դեկտեմբերի, 2020

Ճարպակալումը COVID-19-ի բարդությունների ամենամեծ ռիսկի գործոններից մեկն է համարվում: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը կարող է նաեւ մեծացնել կորոնավիրուսով վարակման ռիսկը:

Medportal.ru-ի փոխանցմամբ` մարմնի զանգվածի բարձր ինդեքս (ՄԶԻ) ունեցող հիվանդները հաճախ շնչառական ֆունկցիայի խանգարում են ունենում, որի ժամանակ շնչառական մեխանիզմների անցանկալի փոփոխություններ են տեղի ունենում, ավելանում է օդուղիների դիմադրությունը, գազափոխանակման խանգարում, թոքերի եւ մկանային ուժի ցածր ծավալ է գրանցվում: Ճարպակալումը նաեւ մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, երիկամների հիվանդությունների եւ այլ հիվանդությունների ռիսկը, որոնք մարդուն առավել խոցելի են դարձնում թոքաբորբի նկատմամբ:

Նոր հետազոտության մեջ Մայամիի համալսարանի գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ IgG հակամարմինների մակարդակը բացասաբար էր կապված մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) հետ: Դա նշանակում է, որ ճարպակալմամբ մարդկանց մոտ դրանց մակարդակն ավելի ցածր էր, քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ:

Միեւնույն ժամանակ, որքան COVID-19 տառապող հիվանդների մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններն ավելի քիչ էին, այնքան բորբոքային մարկերների մակարդակն ավելի բարձր էր նրանց արյան մեջ, մասնավորապես` թոքաբորբի մարկերները: Ըստ գիտնականների` սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ճարպակալմամբ հիվանդների մոտ կորոնավիրուսային վարակի ծանր բարդության ռիսկն ավելի բարձր է:



© NEWS.am Medicine