Արսեն Թորոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» վակցինայով

13:41   30 դեկտեմբերի, 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատվաստվել է կոռոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» վակցինայով:

Նոյեմբերի 21-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի ունեցած ՌԴ դաշնային ծառայության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ, ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին՝ որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները, այնուամենայնիվ այդ պահին դեռ գրանցված չէր, ուստի բնակչության շրջանում վստահության բարձրացման և հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով՝ առաջինը պատվաստվեց Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

Հարկ է նշել, որ պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել և բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Մեկ անգամ եւս կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում պատվաստանյութի դերն ու նշանակությունը՝ Առողջապահության նախարարությունն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու երկրում հանրային առողջության ապահովմանը:



© NEWS.am Medicine