Գիտնականները Պարկինսոնի հիվանդության բուժման նոր մոտեցում են ներկայացրել

23:28   8 հունվարի, 2021

Ձեւափոխված եւ սխալ ծալված ալֆա-սինուկլեինը՝ սպիտակուց, որը համարվում է Պարկինսոնի հիվանդության մեղավորը, կարող է աղիներից ուղեղ տեղափոխվել թափառող նյարդի միջոցով: Այնտեղ այն տարածվում եւ կպչում է՝ առաջացնելով նեյրոնների համար մահացու կուտակումներ, որոնք հայտնի են որպես Լեւիի մարմիններ:

Medical Express-ը պատմում է, որ նոր արհեստական ֆերմենտը կարող է բարելավել իրավիճակը՝ այն դադարեցնում է թերի ալֆա-սինուկլեինի տարածումը եւ կարող է հիմք հանդիսանալ Պարկինսոնի հիվանդության բուժման համար: Արհեստական ֆերմենտները, պլատինի եւ պղնձի նանոչափի համադրությունները, որոնք կոչվում են PtCu երկմետաղային նանոձուլվածքներ, ստեղծվել են իրենց ուժեղ հակաօքսիդանտային հատկությունների պատճառով:

Թթվածնի ռեակտիվ տեսակները նպաստում են սխալ ծալված ալֆա-սինուկլեինի տարածմանը՝ հանգեցնելով հիվանդության ախտանիշների վատթարացման: Ուղեղի մեջ մտնելուց հետո նանոզիմները կլանում են թթվածնի այս տեսակները: Նրանք ընդօրինակում են կատալազին եւ սուպերօքսիդդիսմուտազին՝ երկու ֆերմենտներ, որոնք քայքայում են թթվածնի ռեակտիվ տեսակները:

Գիտնականներն ապացուցել են, որ նանոզիմները կրճատում են ալֆա-սինուկլեինով հարուցված պաթոլոգիան եւ արգելակում են նեյրոտոքսիկությունը` ի լրումն թթվածնի ռեակտիվ տեսակների նվազեցման: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նանոզիմները նաեւ կանխարգելում են ալֆա-սինուկլեինի տեղափոխումը բջջից բջիջ եւ սեւ նյութից դեպի գլխուղեղի գծավոր մարմնի հատված:



© NEWS.am Medicine