Տոքսոպլազման կարող է կապված լինել գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակների զարգացման հետ․ հետազոտություն

23:44   13 հունվարի, 2021

Տոքսոպլազման տարածված մակաբույծ է, որը կարող է ընկնել մարդու օրգանիզմ՝ վատ եփած մսից, աղտոտված ջրից եւ նույնիսկ կատվի կեղտից, շատ ավելի վտանգավոր է, քան համարվում էր նախկինում։ Գիտնականները կապ են հայտնաբերել այդ մակաբույծի եւ գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակների զարգացման բարձր ռիսկի միջեւ:

Medportal.ru-ն հայտնում է, որ Քաղցկեղի ամերիկյան միության գիտնականները պարզել են, թե այս մակաբույծը կարող է կիստաների եւ գլիոմաների՝ ուղեղի չարորակ ուռուցքների առաջացման պատճառ դառնալ: Այն կարող է նաեւ կապված լինել ուղեղի քաղցկեղի առավել ագրեսիվ տեսակի՝ գլիոբլաստի զարգացման ռիսկի հետ, որի դեպքում հինգ տարի ապրելու հավանականությունը ընդամենը 5% է:

Քաղցկեղի կանխարգելման ամերիկյան ուսումնասիրության մեջ ընդգրկված 111 պացիենտների, ինչպես նաեւ Նորվեգիայի քաղցկեղի ռեգիստրից 646 մարդու մասնակցությամբ հետազոտությունը պարզել է, որ մակաբույծի առավելագույն ազդեցության ենթարկված մարդիկ ուղեղի ուռուցքների առաջացման առավելագույն ռիսկի խմբում են եղել:

Պետք է նշել, որ դա ամենեւին չի նշանակում, որ տոքսոպլազման միշտ առաջացնում է գլիոմայի զարգացում, բացի այդ, այս ախտորոշումը ստանալու բացարձակ ռիսկը բավականին ցածր է: Հետազոտողները ասում են, որ ավելի մեծ խմբերի հետ ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ: Եթե այդ արդյունքները հաստատվեն, տոքսոպլազմայի ազդեցությունը օրգանիզմի վրա նվազեցնելու միջոցով առաջին անգամ հնարավոր կլինի բժշկության մեջ նվազեցնել ուղեղի չարորակ ուռուցքների զարգացման ռիսկը:



© NEWS.am Medicine