Ստամոքսի քաղցկեղ. Ռիսկի գլխավոր գործոնները

21:44   16 հունվարի, 2021

Ռիսկի ի՞նչ գործոններ են բերում ստամոքսի քաղցկեղի զարգացման: Ի՞նչն է ավելի մեծ դեր խաղում՝ գենետիկա՞ն, ճարպակալո՞ւմը, ծխե՞լը, թե՞ կենսակերպը:

Ինֆեկցիաներ

Ներկայումս ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի հայտնի գործոններից մեկն է Helicobacter pylori բակտերիան: Բայց, իհարկե, այս բակտերիայի առկայությունը դեռեւս չի նշանակում, որ մարդու մոտ պարտադիր ստամոքսի քաղցկեղ կլինի. մեծ թվով մարդիկ վարակված են այս բակտերիայով, բայց հիվանդությունը զարգանում է ամենեւին ոչ բոլորի մոտ: Պատճառն առայժմ անհայտ է:

Ծխելը եւ ալկոհոլ

Տվյալներ կան նաեւ այն մասին, որ ծխելը եւս մեծացնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Իսկ ինչ վերաբերում է ալկոհոլին, մասնագետների խոսքով, այս հիվանդության եւ ալկոհոլի միջեւ կապի համոզիչ ապացույցներ չկան: Ճիշտ է, ոգելիցը կարող է առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, այսինքն՝ գաստրիտ, ինչպես նաեւ ստամոքսի խոց:

Գենետիկա

Ստամոքսի քաղցկեղի զարգացման մեջ մեծ դերակատարում կարող է ունենալ գենետիկան. ստամոքսի քաղցկեղով պացիենտների առաջին աստիճանի ազգակցական կապի ազգականների շրջանում (երեխաներ, եղբայրներ եւ քույրեր) ռիսկը մեծ է: Դրանից բացի, ստամոքսի քաղցկեղը կարող է նաեւ կապված լինել հաստ աղիքի քաղցկեղի (ժառանգական կոլորեկտալ քաղցկեղ) եւ կրծքագեղձի քաղցկեղի մի քանի տեսակների հետ:

Մասնագետների խոսքով՝ ստամոքսի եւ աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծ է այնպիսի փոփոխություններով պացիենտների շրջանում, ինչպես, օրինակ, այսպես կոչված, միկրոսատելիտային անկայունությունը (MSI):

Ռիսկի այլ գործոններ

Կարծիք կա, որ ստամոքսի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքումը եւ ռեֆլյուքսային հիվանդությունը կարող են մեծացնել կերակրափողի կցատեղում ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Հիվանդությունը կարող է զարգանալ նաեւ նախկինում տարած ստամոքսի վիրահատությունների հետեւանքով:

Լեղիի ռեֆլյուքսը նույնպես համարվում է ռիսկի գործոն, ընդ որում՝ որոշ տեղեկություններով այս ռիսկն աճում է, եթե պացիենտի մոտ ճարպակալում կա:

Որոշ գիտնականներ կարծում են, որ ստամոքսի քաղցկեղի զարգացմանը նպաստում են նաեւ վերամշակված մսից մթերքները, աղի, ինչպես նաեւ ապխտած եւ տապակած մթերքները:



© NEWS.am Medicine