Կարո՞ղ է արդյոք D վիտամինը մրսածությունից պաշտպանել

12:56   16 հունվարի, 2021

D վիտամինն այնքան էլ արդյունավետ չէ մրսածությունից պաշտպանվելու համար: Այս մասին նշված է The Lancet Diabetes and Endocrinology-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտությանը մասնակցել են Ավստրալիայի 60-84 տարեկան 16 հազար բնակիչներ: Նրանցից ոմանք 5 տարի ամեն օր ստացել են D վիտամինի հավելումներ՝ 60 000 միջազգային միավոր դեղաչափով, մյուսները՝ պլացեբո: Մասնակիցներն ամեն տարի լրացրել են իրենց առողջական վիճակի մասին հաշվետվություններ: 2600 մարդ առողջության մանրամասն օրագիր է վարել ձմեռային 8 շաբաթների ընթացքում:

Քվիսլենդի բժշկական հետազոտությունների ինստիտուտի (Ավստրալիա) քաղցկեղի էթիոլոգիայի եւ կանխարգելման հետազոտությունների բաժնի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Ռեյչել Նիլի խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ D վիտամինով հավելումներ ստացած մարդիկ մրսածությամբ եւ գրիպով վարակվել են նույնքան հաճախ, ինչպես նրանք, ովքեր պլացեբո են ստացել:

Մարդկանց շրջանում, որոնք վիտամինով հավելումներ էին ստացել, մրսածության ախտանիշները ավելի պակաս ծանր էին եւ միջինում այդքան էլ երկար չեն տեւել: Սակայն այս տարբերությունը չի կարելի անվանել կլինիկապես նշանակալի՝ ձեմռվա սեզոնին «մրսածության օրերի» քանակության տարբերությունը կազմել է ընդամենը կես օր:

«Այս տվյալները ցույց են տալիս, որ D վիտամինը մի փոքր ուժեղացնում է իմունային համակարգը, բայց մարդկանց բոլոր խմբերին դրա նշանակումը հազիվ թե նրանց պաշտպանի գրիպից ու մրսածությունից եւ առողջացման արագության վրա լուրջ ազդեցություն չի ունենա»,- ասել է Նիլը:

Գիտնականները նշում են, որ հետազոտության մասնակիցների մեծ մասի մոտ D վիտամինի դեֆիցիտ չի եղել: Նրանք չեն բացառում, որ վիտամինն ավելի արտահայտված ազդեցություն կարող է ունենալ այն մարդկանց վրա, որոնց մոտ այս վիտամինի պակաս կա:



© NEWS.am Medicine