COVID-19-ից ապաքինվածների մոտ որքա՞ն երկար է պահպանվում իմունիտետը

13:17   18 հունվարի, 2021

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինվածների իմունիտետը պահպանվում է նվազագույնը 5 ամիս, ցույց է տվել Public Health England (PHE)- բրիտանացի մասնագետների հետազոտությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ում մոտ հակամարմինները պահպանվել են կորոնավիրուսով առաջին վարակումից հետո, բավականին հազվադեպ են կրկնակի վարակվում. գիտնականները կրկնակի վարակման դեպքեր են գտել 6614 հետազոտված պացիենտներից միայն 44-ի մոտ, հայտնում է The West-ը:

Կարծիք կա, որ չնայած ապաքինվածները կարող են կրկին վարակվել, նրանց մոտ հիվանդությունն, ամենայն հավանականությամբ, այդքան ծանր չի ընթանա: Այդ խմբի մարդիկ նաեւ կարող են մնալ վիրուսի կրողներ:

Հետազոտության համահեղինակներից Սյուզան Հոփքինսը նշել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինվածների մեծամասնության մոտ, այնուամենայնիվ, հակամարմիններ են արտադրվում եւ հայտնվում է կրկնակի վարակումից պաշտպանություն: Սակայն այդ պաշտպանությունը բացարձակ չէ, եւ առայժմ հայտնի չէ, թե այն որքան երկար է պահպանվում: Եղած տեղեկություններով՝ իմունիտետը պահպանվում է գոնե 5 ամսվա ընթացքում:



© NEWS.am Medicine