Մետֆորմինի ընդունումը 3 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակված դիաբետիկների շրջանում մահացությունը. հետազոտություն

15:42   18 հունվարի, 2021

Մետֆորմինի ընդունումը 3 անգամ  նվազեցնում է կորոնավիրուսով վարակված դիաբետիկների շրջանում մահացությունը: Այս մասին ասվում է Ալաբամայի համալսարանից գիտնականների հետազոտության մեջ:

Medportal-ի հաղորդմամբ՝ դիաբետ ունեցող պացիենտների մոտ կորոնավիրուսից մահվան եւ ծանր ընթացքի ռիսկը մեծ է: Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական համակարգի տվյալներով՝ 1-ին տեսակի դիաբետ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսից մահվան ռիսկը 3,5 անգամ մեծ է՝ ի տարբերություն դիաբետ չունեցողների ռիսկի: 2-րդ տեսակի դիաբետ ունեցողների մոտ այն մեծ է 2 անգամ:

Նոր հետազոտության հեղնակները վերլուծել են կորոնավիրուսով վարակված ավելի քան 25 300 պացիենտների բժշկական տվյալները: Այդ խմբում մահացության ընդհանուր ցուցանիշը կազմել է 11 տոկոս, ընդ որում, դիաբետը մեծացրել է մահվան հավանականությունը 3,62 անգամ: Հետազոտողներն ուսումնասիրել են մետֆորմինի եւ ինսուլինի ընդունման ազդեցությունը պացիենտների մահացության վրա: Պարզվել է, որ ինսուլինի ներարկումը ոչ մի կերպ չի ազդում մահացության ռիսկի վրա: Սակայն դիաբետիկների մոտ, որոնք մետֆորմին են ընդունել մինչ վարակումը, կորոնավիրուսից մահվան հավանականությունը զգալիորեն ցածր է եղել եւ համեմատելի դիաբետ չունեցող պացիենտների շրջանում մահացության ռիսկի հետ:   



© NEWS.am Medicine