Օլեինաթթուն կարող է նվազեցնել վտանգավոր հիվանդության զարգացման ռիսկը. հետազոտություն

17:51   21 հունվարի, 2021

Օլեինաթթուն կարող է նվազեցնել վտանգավոր հիվանդության զարգացման ռիսկը: Այս մասին հայտնում են ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականները: 

EurekAlert-ի հաղորդմամբ՝ մասնագետները պարզել են, որ ցրված սկլերոզով պացիենտների մոտ բացակայում է օլեինաթթվի նորմալ մակարդակը: Այն պարունակվում է մսի, յուղի, պանրի, ընկույզի, արեւածաղկի սերմերի, ձվի, մակարոնի, կաթի, ձիթապտղի եւ ավոկադոյի մեջ: Այդ թթվի պակասը հանգեցնում է մետաբոլիկ սենսորների կորստի, որոնք ակտիվացնում են T-բջիջները:

Երբ հետազոտողները օլեինաթթու են ներարկել ցրված սկլերոզով պացիենտներին, կարգավորող T-բջիջների մակարդակը բարձրացել է: Գիտնականների խոսքով՝ առանց կարգավորող T-բջիջների գործողության ճնշման իմունային համակարգը կարող է հարձակվել կենտրոնական նյարդային համակարգի առողջ բջիջների վրա:

Գիտնականները կարծում են, որ սննդի մեջ օլեինաթթվի օգտագործումը կարող է նվազեցնել այդ վտանգավոր աուտոիմուն հիվանդության զարգացման ռիսկը՝ չնայած նրան, որ դա անհրաժեշտ է հաստատել հետագա հետազոտություններում:



© NEWS.am Medicine