Ի՞նչ խնդիրներ կարող են ստեղծել կորոնավիրուսի նոր շտամները

19:32   21 հունվարի, 2021

Կորոնավիրուսի նոր մուտացված շտամները, որոնք հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում եւ Բրազիլիայում, կարող են աննշան նվազեցնել պատվաստանյութերի արդյունավետությունը, սակայն պատվաստանյութերը, այնուամենայնիվ, կարող են ապահովել պաշտպանությունը կորոնավիրուսից: Այս  մասին հայտնում են Ռոքֆելերի համալսարանի գիտնականներն ու այլ հետազոտության կազմակերպություններ:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ գիտնականները արյան նմուշներ են վերցրել 20 մարդուց, որոնք ստացել են Moderna-ի կամ Pfizer-ի պատվաստանյութերը, եւ թեստավորել են նրանց հակամարմինները վիրուսային տարբեր մուտացիաների դեմ լաբորատոր պայմաններում: Հակամարմինների ակտիվությունը եղել է 3 անգամ ցածր՝ կախված մուտացիայից:

Վիրուսների գենետիկական բազմազանության աճի հիմնական պատճառ է համարվում վարակման նոր դեպքերի թվի աճը: Վիրուսի նոր տարբերակները հեշտ են տարածվում, եւ դա կարող է հանգեցնել հիվանդության, մահվան եւ հոսպիտալացման դեպքերի թվի աճի:

Գիտնականների խոսքով՝ դեռ չի կարելի ասել, որ առկա պատվաստանյութերը հնացել են, սակայն մուտացիաներն իսկապես ազդում են իմունային համակարգի՝ վիրուսը ճանաչելու եւ դրա դեմ պայքարելու ունակության վրա:  



© NEWS.am Medicine