Կորոնավիրուսը եւ արտաքինը. Ինչպե՞ս պայքարել պանդեմիայի ֆոնին առաջացած խնդիրների դեմ

17:10   22 հունվարի, 2021

Կորոնավիրուսի պանդեմիան լրջագույն ազդեցություն է ունեցել ոչ միայն ժամանակակից մարդու կենսակերպի, այլ նաեւ նրա արտաքինի վրա: Այս մասին հայտնում է The Sun ամսագիրը:

Glowdays կոսմետիկական ընկերության հետազոտության  արդյունքները ցույց են տվել, որ փակ տարածքում երկար մնալը վատացնում է մաշկի գույնը: Նման խնդրի հետ շատերն են բախվում:

«Դա տեղի է ունենում D վիտամինի պակասի, տան ջեռուցման եւ համակարգիչների ու սմարթֆոնների առջեւ երկար նստելու պատճառով»,-ասել է Cosmedics կոսմետոլոգիական կլինիկաների ցանցի բժշկական ծառայության տնօրեն Ռոսս Պերրին:

Skingredients մաշկի խնամքի բրենդի հիմնադիր Ջենիֆեր Ռոքը հայտնել է, որ այդ վիտամինի պակասը հանգեցնում է ոչ միայն մաշկի գույնի վատացման, այլ նաեւ մի շարք մաշկային հիվանդությունների, այդ թվում՝ էքզեմայի եւ փսորիազի:

Նրա խոսքով՝ պետք է ամեն օր օգտագործել վիտամին D-ի առնվազն 10 միկրոգրամ մեկ տարվա ընթացքում:

Նաեւ հաստատվել է, որ կենտրոնական ջեռուցման պատճառով մարդիկ բողոքում են քթի եւ շուրթերի չորությունից: Ռոքը պնդել է, որ դա կապված է օդի ցածր խոնավության հետ:

Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս ուտել շատ մթերքներ, որոնք հարուստ են անփոխարինելի ճարպաթթուներով, օրինակ՝ սաղմոն, ընկույզ եւ կտավատի սերմեր:

Պանդեմիայի ֆոնին մեկ այլ մաշկային խնդիր են բշտիկները:

«Սթրեսն օրգանիզմին ստիպում է հորմոններ արտադրել, ինչպես օրինակ՝ կորտիզոլ, որը հանգեցնում է ծակոտիների խցանման: Բացի այդ, բորբոքումները կարող են առաջանալ լարված տնային վիճակի, վատ սննդակարգի եւ ալկոհոլի չարաշահման պատճառով»,-ասել է Պերրին:

Այդ խնդրի լուծման համար մասնագետը խորհուրդ է տալիս երեսը լվանալ առավոտյան եւ երեկոյան եւ մաքրող միջոցներ օգտագործել:

Եվս մեկ խնդիր է նշվել արագացած ծերացումը, որին նպաստում է էլեկտրոնային սարքերից ճառագայթումը:

Խնդրի լուծման համար մասնագետը խորհուրդ է տալիս սահմանափակել ժամանակը սմարթֆոնների առաջ:



© NEWS.am Medicine