Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է ախտորոշել մինչեւ ախտանիշների ի հայտ գալը. գիտնականներ

15:57   25 հունվարի, 2021

Ուղեղի անոմալ հիպերակտիվ գոտիները թույլ են տալիս Ալցհեյմերի հիվանդությունը կանխատեսել նույնիսկ որեւէ ախտանիշ չունեցող մարդկանց մոտ: Այսպիսի եզրակացության են հանգել Մոնռեալի համալսարանի գիտնականները:

Ալցհեյմերի հիվանդությունը կարող է զարգանալ 20-30 տարում մինչեւ ախտանիշների հայտնվելը: Հիվանդությունն անբուժելի է համարվում, սակայն առավելագույն վաղ ախտորոշումը առանցքային դերակատարում ունի հիվանդության հապաղման գործում: Գիտնականները հետազոտություն են կատարել Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեծ հավանականությամբ անձանց խմբերի մասնակցությամբ, որոնք ֆՄՌՏ միջոցով ուղեղի սքանավորման ժամանակ կատարել են հիշողության ստուգման առաջադրանքներ:

Մի խումբը կազմված էր 28 մարդուց, որոնք մտահոգված էին իրենց հիշողության համար, բայց ավանդական կլինիկական թեստերի ժամանակ կոգնիտիվ խանգարումներ չէին դրսեւորում: Մյուս խմբի մեջ մտել էր կոգնիտիվ թեթեւ խանգարումներով 26 մարդ: Հետազոտողները հայտնաբերել են, որ առաջին խմբի մարդիկ ունեցել են ուղեղի մի քանի առանցքային հատվածներում ակտիվացման անոմալ բարձր մակարդակ: Իսկ այն մարդիկ, որոնց մոտ արդեն կային կոգնիտիվ թեթեւ խանգարումներ, ավելի հաճախ են այդ մարզերում ակտիվության նվազում ունեցել:

Գիտնականների խոսքով՝ Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերում ուղեղի որոշակի հատվածների ակտիվացումը կարող է զգալիորեն ուժեղանալ՝ նախքան հիվանդությամբ առաջացող նեյրոնների կորուստը կբերի ակտիվացման ակնհայտ նվազման: Այլ ցուցանիշների հետ համադրությամբ, ինչպես՝ արյան անալիզը եւ կոգնիտիվ թեստերը, անալիզի այս տեսակը կարող է օգնել շեղումների ավելի վաղ հայտնաբերմանը:



© NEWS.am Medicine