Նախարարը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման հարցը

11:06   26 հունվարի, 2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆը, Համագործակցության եւ զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արեւիկ Անափիոսյանը եւ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւը նախարարի հետ քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ առողջապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաեւ հետագա անելիքների վերաբերյալ հարցերը:

«Շնորհակալ ենք կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մինչ օրս տրամադրված օգնությունների համար, որոնք հասցեական կիրառություն են ստացել: Բարձր ենք գնահատում համատեղ աշխատանքներն ու փոխգործակցության նոր հնարավորությունները», - ասել է Անահիտ Ավանեսյանը:

Շոմբի Շարփն անդրադարձել է նաեւ պատերազմին եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ կարեւորել Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքները` հաշվի առնելով, որ այն կարող է ապահովել առողջության խթանումից մինչեւ կանխարգելում, բուժում, վերականգնում եւ պալիատիվ խնամք:

Շարունակելով Շոմբի Շարփի միտքը` Անահիտ Ավանեսյանը շեշտել է վերականգնողական բուժման բարելավման անհրաժեշտությունը զինվորների եւ քաղաքացիական անձանց շրջանում` հույս հայտնելով, որ համատեղ ուժերով հարցին լուծում կտրվի:

Կողմերը քննարկել են նաեւ կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ընտրության վերաբերալ հարցեր:

Ամփոփելով հանդիպումը` մասնակիցները փաստել են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում առողջապահական ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, եւ նախկինում սկսված ծրագրերը պետք է ավարտին հասցնել:



© NEWS.am Medicine