Բրազիլացի մասնագետները խորհուրդ են տալիս ախտահանել ատամի խոզանակները

21:28   26 հունվարի, 2021

Ատամի խոզանակների ախտահանումը պետք է հիգիենայի սովորությունների մի մասը լինի, որոնք անհրաժեշտ են վարակների դեմ պայքարի համար, կարծում են բրազիլացի գիտնականները, ովքեր նոր հետազոտություն են հրապարակել Journal of Infectious Diseases ամսագրում:

Նրանց խոսքով` դա կարող է նաեւ կանխել վարակումը կորոնավիրուսով:

The Hindu Business Line-ը հայտնում է, որ ատամի խոզանակները կարող են պահոց հանդիսանալ միկրոօրգանիզմների համար, որը նպաստում է հիվանդ մարդուց առողջին հիվանդության փոխանցմանը:
Ավելի վաղ արված հետազոտությունները եւս ցույց են տվել, որ թքի փոխանակումը կարող է վարակի փոխանցման հանգեցնել: 2020-ի հուլիսին հրապարակված հետազոտության համաձայն` բերանի ողողման որոշ հեղուկներ կարող են նվազեցնել կորոնավիրուսի վիրուսային բեռը թքի մեջ:

Վերջին ուսումնասիրության հեղինակներն էթանոլ եւ եթերայուղեր պարունակող ողողման միջոցներ են օգտագործել: Ատամի խոզանակի ախտահանման բուն գործընթացը հետեւյալ կարգն է ենթադրում. մարդը նախ լվանում է ձեռքերն օճառով եւ ջրով կամ ախտահանում է դրանք ախտահանիչով, որն առնվազն 70 տոկոս սպիրտ է պարունակում: Դրանից հետո 70 տոկոսանոց սպիրտային լուծույթով մեկ րոպե ախտահանվում է ատամի խոզանակի բռնակը: Ապա մաքրվում են ատամները, իսկ խոզանակը կրկին մշակվում է նույն կերպ: Վերջնական փուլում խոզանակը 20 րոպե ընկղմվում է էթանոլի եւ եթերայուղի հիմքով բերանի ողողման լուծույթի մեջ: Չոր խոզանակը, ըստ մասնագետների, պետք է մյուս խոզանակներից մեկուսացված պահել:

Հետազոտության հեղինակների խոսքով` ատամի խոզանակների ախտահանումը եւ բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը կարեւոր նշանակություն ունեն վիրուսի փոխանցումը վերահսկելու համար: Դա հատկապես կարեւոր է ասիմպտոմատիկ ընթացքով հիվանդության դեպքում, ինչպես նաեւ` այն մարդկանց համար, ովքեր COVID-19 թեստի արդյունքների են սպասում:



© NEWS.am Medicine