Արցախի առողջապահական համակարգը ունի ֆինանսատնտեսական գործունեության մեթոդների վերանայման, բուժհիմնարկների արդիականացման կարիք. մասնագետներ

15:49   27 հունվարի, 2021

Արցախի առողջապահական համակարգի կադրային ու նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն պատշաճ որակ և արդյունավետություն ապահովելու համար: Նման հայտարարությամբ են հանդես եկել մասնագետները, ովքեր այցելել էին Արցախի բուժհիմնարկները:

2021թ. հունվարի 22-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունից Արցախ էին ժամանել մի խումբ բժիշկ-փորձագետներ, ովքեր այցելել են Ստեփանակերտ քաղաքում և Ասկերանի ու Մարտունու շրջաններում տեղակայված բուժհիմնարկներ, հանդիպել առողջապահության նախարարության և բուժհիմնարկների պատասխանատու անձնակազմի հետ, կատարել ուսումնասիրություններ, գնահատումներ և վերլուծություններ:

Եռօրյա այցի արդյունքներով ԱՀ առողջապահության նախարարությունը և բիժշկ-փորձագետները հանդես են գալիս հետևյալ համատեղ հայտարարությամբ.

«Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը ունակ է կազմակերպելու բնակչության բժշկական սպասարկումը, սակայն առկա կադրային ու նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն պատշաճ որակ և արդյունավետություն, ինչպես նաև ինքնաբավության բավարար չափ ապահովելու համար:

Արցախի առողջապահական համակարգը ունի ֆինանսատնտեսական գործունեության մեթոդների ու եղանակների վերանայման, նյութատեխնիկական հնարավորությունների ճիշտ վերաբաշխման և բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք, որի հիմքում պետք է դրվեն փորձագիտական հետազոտությունների արդյունքներով ընդունված եզրակացությունները:

Արցախի բուժհիմնարկներում առկա է կադրային ռեսուրսի պակաս, որը լրացնելու համար հարկ է կիրառել ինչպես հերթափոխով մասնագետների ներգրավմամբ, այնպես էլ նոր մասնագետների խրախուսմամբ, հեռահար բժշկության ներդրմամբ, առկա կադրերի վերապատրաստմամբ ու որակավորմամբ բացը լրացնելու եղանակները:

Արցախի բուժհիմնարկներում առկա նյութատեխնիկական միջոցները վերազինելու և նորագույն սարքավորումներով համալրելու համար անհրաժեշտ է ներգրավել ինչպես Նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և անհատների հնարավորությունները՝ այդ գործընթացում ապահովելով առավելագույն թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն:

Սույն հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները հավանություն են տալիս ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու գաղափարին՝ վերահաստատելով խորհրդում ընդգրկվելու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Հայտարարության բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին, որ Արցախի առողջապահական համակարգի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ՀՀ բժշկական ասոցիացիաների հետ համագործակցությունը, որը պետք է դիտարկվի որպես Նախարարության հետագա գործունեության ռազմավարական ուղղություն:

Հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները պարտավորվում են մեկշաբաթյա ժամկետում Նախարարություն ներկայացնել կատարված ուսումնասիրությունների և դրանց հիման վրա կատարված վերլուծության և գնահատման արդյունքներն ամփոփող եզրակացություն՝ դրա հիման վրա Նախարարության կողմից համակարգի զարգացման կարճաժամկետ քաղաքականությունը մշակելու համար»:

Միասնական հայտարարության տակ ստորագրել են հետեւյալ մասնագետները՝



© NEWS.am Medicine