Կուրությունը COVID-19-ի ծանր բարդություններից մեկը կարող է լինել

19:18   1 փետրվարի, 2021

Կեղեւային կուրությունը COVID-19 կորոնավիրուսային վարակի ծանր բարդություններից մեկը կարող է լինել, ինչպես պարզել են Դերբիի (Մեծ Բրիտանիա) Թագավորական հիվանդանոցի մասնագետները:

Cureus գիտական ամսագրում նրանք նկարագրել են քրոնիկ հիվանդություններ չունեցող, կորոնավիրուսով վարակված 54-ամյա կնոջ անսովոր դեպքը: Հիվանդը գանգատվել է տենդից, չոր հազից եւ միալգիայից (մկանային ցավ): Կլինիկա դիմելու պահին նա ունեցել է 38,4 աստիճան ջերմություն, զարկերակը հասել է րոպեում 114 հարվածի, զարկերակային ճնշումը պահպանվել է 125/78, իսկ սատուրացիան կազմել է ընդամենը 82%: Ժամանակի ընթացքում նրա վիճակը վատացել է, եւ մասնագետները որոշել են թոքերի ոչ ինվազիվ օդափոխություն սկսել, իսկ այնուհետեւ կնոջը միացրել են ԹԱՕ սարքին:

Բուժման ընթացքում պացիենտին նշանակվել են լայն սպեկտրի հակաբիոտիկներ, որոնք դրական ազդեցություն են ունեցել: Բուժման 21-րդ օրը մասնագետները նկատել են տոնիկ-կլոնիկ նոպա, որից հետո կատարել են գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա: Հետազոտության արդյունքները թույլ են տվել խոսել պացիենտի մոտ հետին հետադարձ էնցեֆալոպատիայի համախտանիշի (PRES) առկայության մասին:

ՀՏ-ից հետո 10 օրվա ընթացքում պացիենտի մոտ հայտնաբերվել է կեղեւային կուրություն՝ գլխուղեղի ծոծրակային հատվածի ախտահարման հետեւանքով հիվանդություն, որն ուղեկցվում է տեսողության ամբողջական բացակայությամբ: Միեւնույն ժամանակ լույսի հանդեպ բիբերի արձագանքը նորմալ է եղել:

Վերլուծությունների եւ դիտարկումների հիման վրա բժիշկները եզրակացրել են, որ PRES-ի հիմնական պատճառը ոչ թե զարկերակային բարձր ճնշումն է, այլ սեփսիսը: Կեղեւային կուրության նշանների հայտնաբերումից հետո հաջորդ 8 շաբաթվա ընթացքում կինը մասամբ ապաքինվել է՝ նա սկսել է տարբերել ձեւերն ու գույները, բայց տեսողության խախտումը դեռեւս շատ լուրջ է մնացել:



© NEWS.am Medicine