19:39 4 փետրվարի, 2021Կորոնավիրուսային համավարակի ֆոնին կրծքագեղձի քաղցկեղի եւ մի շարք այլ քաղցկեղների հետ կապված իրավիճակը Հայաստանում վատթարացել է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Europa Donna Armenia կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը:
Նրա խոսքով` վերջին մեկ տարվա ընթացքում քաղցկեղի բարձիթողի դեպքերի թիվը զգալիորեն աճել է: Փաստն այն է, որ համավարակի ֆոնին մարդիկ սկսել են ավելի հազվադեպ այցելել բժշկի` վախենալով հիվանդանոցներ գնալ, ուստի նրանք հնարավորություն չունեին ժամանակին հետազոտություններ անցնել, որոնք կօգնեին հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում: Արցախյան պատերազմը միայն սրեց իրավիճակը:
Արդյունքում, վերջին ամիսներին երկրում իրոք շատ անտեսված դեպքեր են գրանցվել, երբ հիվանդությունն ախտորոշվում է արդեն 3-4 փուլերում, իսկ երկրի մարզերում իրավիճակը շատ ավելի վատ է, քան մայրաքաղաքում: Եթե Երեւանում մարդիկ գոնե մի փոքր ուշադրություն են դարձնում իրենց առողջական վիճակին, ապա մարզերում շատերը հակված են անտեսել խնդիրները, նույնիսկ եթե արդեն տագնապալի ախտանիշներ կան:
Մասնագետի խոսքով` խնդիրն այստեղ ամենեւին էլ փողը չէ. եթե մարդը ցանկանում է ստուգվել, սակայն նա չունի բավարար գումար, միշտ կգտնվեն կազմակերպություններ (այդ թվում` Europa Donna Armenia-ն), որոնք ընդառաջ կգնան եւ կօգնեն: Խնդիրն ավելի շուտ այն է, որ շատ մարդիկ պարզապես բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց առողջությանը:
«Ես դեպք գիտեմ, երբ կինն արդեն վերք է ունեցել կրծքավանդակի շրջանում, բայց բժշկի չի դիմել` կարծելով, որ սարսափելի ոչինչ չկա: Արդյունքում, խնդիրը, որը կարելի էր հեշտությամբ լուծել վաղ փուլում, սրվեց, եւ այժմ այդ կինն ինչպես քիմիաթերապիայի, այնպես էլ կրծքերի եւ ավշային հանգույցների ամբողջական հեռացման կարիք ունի: Եվ եթե նա ավելի վաղ բժշկի դիմեր, խնդիրը, ամենայն հավանականությամբ, կլուծվեր փոքր վիրահատության օգնությամբ»,- ասաց Նվարդ Քոչարյանը:
Նույն խնդիրը, նրա խոսքով, կարելի է տեսնել քրոնիկ հազ ունեցող տղամարդկանց մոտ: Չնայած Հայաստանում թոքերի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենատարածված քաղցկեղն է, շատերը պարզապես չեն գնում ստուգման հազի առաջանալու դեպքում:
Ցավոք, մեր բնակչության շրջանում առողջ ապրելակերպի եւ քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնների վերաբերյալ բավարար գիտելիքներ չկան, եւ սա եւս զրում է իրավիճակը:
Europa Donna Armenia կազմակերպությունը վերջերս տեղեկատվական բրոշյուր է թողարկել, որում ներկայացված են քաղցկեղի առաջացման ռիսկի հիմնական գործոնները, թե ինչպես ծխելը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը եւ ոչ ակտիվ կենսակերպը կարող են խեղել առողջությունը եւ ինչպիսի դեր ունի առողջ ապրելակերպը հիվանդություններից պաշտպանության գործում, այդ թվում` քաղցկեղից: Բրոշյուրը պատմում է նաեւ ժամանակակից ախտորոշման կարեւորության մասին, որի շնորհիվ հաջող բուժման հավանականությունը բազմակի անգամ ավելանում է:
Նվարդ Քոչարյանը նշեց, որ բրոշյուրը նախատեսվում է բաժանել տարբեր միջոցառումներին, այդ թվում` ուսանողներին եւ դպրոցականներին: «Եթե մեզ հաջողվի ազդել երիտասարդների մտածելակերպի վրա, դա շատ բան կփոխի մեր երկրում: Եթե երիտասարդները սկսեն առողջ ապրելակերպ վարել` չծխել, չչարաշահել ալկոհոլը, նրանք պակաս խոցելի կլինեն քաղցկեղի նկատմամբ, եւ մենք ավելի առողջ սերունդներ կունենանք»,- ասաց Նվարդ Քոչարյանը:
