Կորոնավիրուսի հետեւանքով մահվան հավանականությունն անհամամասնորեն մեծ է դիաբետով միջին տարիքի մարդկանց շրջանում. հետազոտություն

11:16   9 փետրվարի, 2021

2-րդ տիպի դիաբետով միջին տարիքի մարդկանց շրջանում COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահվան հավանականությունը անհամամասնորեն ավելի մեծ է, քան այլ տարիքի պացիենտների շրջանում: Այսպիսի եզրակացության են հանգել Էքստերի համալսարանի գիտնականները:

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակելու համար ընդունել է Diabetologia ամսագիրը, կարող է մասնագետներին դրդել վերանայելու կորոնավիրուսի դեմ պատվաստվող առաջնահերթ խմբերի հարցը:

Չնայած բացարձակ արտահայտությամբ ներկայիս ռիսկն այնքան էլ մեծ չէ, դիաբետով միջին տարիքի մարդիկ շատ ավելի խոցելի են, քան նույն տարիքի դիաբետ չունեցող մարդիկ, հայտնում է EurekAlert!-ը: Մասնագետները պարզել են, որ 2-րդ տիպի դիաբետով 50-ամյա պացիենտը COVID-19-ի հետեւանքով մահանալու նույնպիսի հնարավորություն ունի, ինչպիսին դիաբետ չունեցող 66 տարեկան մարդը: Այս տարբերությունը, սակայն, տարիքին զուգահեռ կրճատվում է. դիաբետով 70-ամյա մարդու եւ դիաբետ չունեցող 78-ամյայի մահվան հավանականությունը նույնպես հավասար է:

Չնայած Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում ոչ ինսուլինակախվածությամբ դիաբետով մարդիկ մտնում են պատվաստման առաջնահերթ խմբի մեջ, ուրիշ շատ երկրներում նրանք չեն համարվում մեծ ռիսկի խմբեր: Աշխատանքի հեղինակներն այս մետաբոլիկ հիվանդությամբ մարդկանց խորհուրդ են տալիս հնարավորինս արագ պատվաստվել, երբ այն իրենց հասանելի լինի:



© NEWS.am Medicine