Օստեոպորոզի կանխարգելումը. Ի՞նչ հնարավոր է անել

19:19   9 փետրվարի, 2021

50 տարեկանից հետո յուրաքանչյուր երրորդ կին եւ յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ կոտրվածքների է բախվում օստեոպորոզի պատճառով` վտանգավոր հիվանդության, որի դեպքում ոսկորների խտությունը նվազում է: Ի՞նչ կարելի է անել այս հիվանդությունը կանխելու համար: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում կիսվել է Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը:

Ըստ նրա` կանխարգելման մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ռիսկի ինչպիսի գործոններ են մեծացնում օստեոպորոզի առաջացման հավանականությունը, որպեսզի հետո ռիսկի այդ գործոնները ձեր կյանքից հնարավորինս բացառվեն: Ռիսկի գործոնները, ըստ մասնագետի, կարելի է բաժանել երկու խմբի` փոփոխվող (որոնք մարդու կյանքի մի մասն են եւ որոնց վրա մարդը կարող է ազդել) եւ չփոփոխվող (որի վրա մարդը չի կարող ազդել):

Չփոփոխվող ռիսկի գործոնների թվում են տարիքը (50-ից բարձր), սեռը (ռիսկային խմբում են կանայք, հատկապես` դաշտանադադարից հետո), ժառանգական նախահակումը (եթե հարազատներն օստեոպորոզ ունեին, դրա զարգացման ռիսկը մեծանում է):

Որոշակի դեղամիջոցներ, ինչպիսիք են գլյուկոկորտիկոիդները ռեւմատոիդ արթրիտի դեպքում, նույնպես մեծացնում են օստեոպորոզի ռիսկը: Եվ չնայած տեսականորեն այդ դեղերից հնարավոր է հրաժարվել, գործնականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, ուստի շատ փորձագետներ ռիսկի այս գործոնը հենց չփոփոխվողներին են վերագրում:

Ինչ վերաբերում է ռիսկի փոփոխվող գործոններին, ապա դա ալկոհոլն է, ծխելը, բարձր կամ ցածր BMI-ը (ճարպակալում կամ չափազանց փոքր քաշ), կալցիումի եւ վիտամին D-ի եւ ֆիզիկական ակտիվության պակասը:

Ծխելը, ինչպես նշեց մասնագետը, շատ վտանգավոր է ոսկորների համար. նիկոտինի ազդեցությունը կրկնապատկում է կոնքա-ազդրային հոդի կոտրվածքների եւ ոսկորների այլ խնդիրների առաջացման ռիսկը:

Մեծ դեր է խաղում նաեւ վիտամին D-ն. եթե այն բավարար չէ օրգանիզմում, կալցիումը, նույնիսկ եթե բավարար քանակությամբ է մտնում օրգանիզմ, չի յուրացվում, եւ ոսկորները փխրուն եւ խոցելի են դառնում: Ուստի այս վիտամինի նորմալ մակարդակի պահպանումն այդքան կարեւոր է:

Ռիսկի այս բոլոր գործոնների վրա, ըստ մասնագետի, մարդը կարող է ազդել: Եվ եթե դրանք բացառենք, դա կօգնի հնարավորինս նվազեցնել օստեոպորոզի զարգացման ռիսկը:

Ոչ պակաս կարեւոր է ճիշտ սնվելը` օրգանիզմն ապահովելով անհրաժեշտ վիտամիններով եւ հանքանյութերով: Մասնագետը հիշեցրեց, որ մարդը ոսկրային զանգված է ստանում մինչեւ 30 տարեկան հասակը, ինչից հետո այդ նույն զանգվածը սկսում է կորցնել: Ուստի շատ կարեւոր է առողջ սնունդ ընդունել եւ անել հնարավոր ամեն ինչ` մինչեւ 30 տարեկանն առավելագույն ոսկրային զանգված ապահովելու համար: Իսկ 30-ից հետո խորհուրդ է տրվում չծխել, չչարաշահել ալկոհոլը, ֆիզիկապես ակտիվ մնալ` ոսկորային զանգվածը հնարավորինս պահպանելու համար:



© NEWS.am Medicine