Ցողունային բջիջները ինսուլտի բացասական հետեւանքները վերացնելու կարողությու՞ն ունեն

19:00   11 օգոստոսի, 2014

Գաղտնիք չէ, որ ինսուլտի ենթարկված մարդիկ աննկարագրելի տառապանքներ են կրում: Ուղեղի վնասվածքներից ապաքինման գործընթացը, լավագույն դեպքում, կարող է չափազանց երկար ժամանակ պահանջել: Սակայն, ինչպես բոլորովին վերջերս Լոնդոնի կայսերական քոլեջի հետազոտական խմբերից մեկի անդամներն են պարզել, ցողունային բջիջներն այս հարցում եւս կարող են լուրջ դերակատաևում ունենալ. ինսուլտի հարվածից հետո ներարկման դեպքում դրանք ապաքինման գործընթացն արագացնելու ներուժ ունեն, հաղորդում է Medical Daily-ն:

«Թեեւ հետազոտության արդյունքները նախնական են, բայց եւ այնպես, ոգեւորել են բոլորիս: Առաջիկայում պետք է ավելի մեծ թվով մասնակիցների շրջանում խորը հետազոտություններ նախաձեռնենք՝ մոտեցման հիման վրա բուժման եղանակ մշակելու համար», - նշել է հետազոտության ղեկավար դոկտոր Սոմա Բաներջին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Stem Cell Translational Medicine ամսագրում եւ հույս հաղորդել այն մարդկանց, որոնք, ինսուլտի արդյունքում զրկված լինելով կարդալու, գրելու, քայլելու եւ խոսելու կարողությունից, ապաքինվելու համար համառ պայքար են մղում:

Հետազոտության շրջանակում նոր արյունատար անոթների աճի խթանման ներուժ ունեցող CD34+ ցողունային բջիջների՝ ուղեղի վնասված հատվածներին արյուն մատակարարող զարկերակների անցման հատվածում իրականացվող ներարկում է առաջարկվել ընդամենը 5 հիվանդների, որոնց մոտ 6 ամիս անց նկատելի ապաքինում է արձանագրվել:

ԱՄՆ-ում ինսուլտից մահացության մակարդակը նշանակալի ցուցանիշ է կազմում. բավական է ասել, որ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կողմից հրապարակված տվյալների համաձայն, մահվան 19 դեպքերից մեկն այս հիվանդությանն է վերագրվում: Տարեկան կտրվածքով, խոսքը 130 հազար ամերիկացիների մասին է գնում:

Ինսուլտի առաջացման պատճառը արյքան՝ դեպի ուղեղ հոսքի դադարեցումն է, ինչը վայրկենապես բազմաթիվ բջիջների մահվան եւ երկարաժամկետ բուժման ենթակա վնասվածքների կարող է հանգեցնել:

«Կարեւոր է հասկանալ, որ այս պահի դրությամբ հետազոտությունները ամենավաղ փուլում են գտվում. նույնիսկ հստակ ապացուցված էլ չէ, որ ցողունային բջիջները կարող են ինսուլտից ապաքինման հանգեցնել: Հետագա մեծածավալ հետազոտություններ են անհրաժեշտ՝ բուժման ենթադրյալ եղանակի արդյունավետությունը պարզելու համար», - նշել է Շեֆիլդի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամ դոկոտր Թիմ Չիկոն:



© NEWS.am Medicine