Ո՞ր ախտանշանները կարող են վկայել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

16:32   28 փետրվարի, 2021

Որոշ ախտանշաններ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին, կարող են մատնանշել շաքարային դիաբետի վաղ փուլի մասին:

Հաճախակի միզարտադրություն

Երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, երիկամները չեն կարողանում ֆիլտրել այն պատշաճ կերպով, եւ շաքարը հավաքվում է մեզի մեջ: Փորձելով ազատվել դրանից՝ օրգանիզմն ակտիվացնում է միզարտադրության գործառույթը: Եթե դուք սկսել եք զուգարան այցելել ավելի հաճախ, քան սովորաբար, դա կարող է լինել դիաբետի վաղ ախտանշաններից մեկը:

Տեսողության վատթարացում

Շաքարի բարձր մակարդակը վնասում է անոթների վիճակը, եւ առաջին հերթին տուժում են ամենամանր եւ բարակ անոթները: Աչքերի արյան շրջանառության խանգարումը դիաբետի եւս մեկ վաղ ախտանշան է. ախտանշաններից մեկը կարող է լինել լղոզված, ոչ ջինջ տեսողությունը:

Քաշի հանկարծակի կորուստ

Շաքարային դիաբետի դեպքում խախտվում է էներգիա արտադրելու համար գլյուկոզան արդյունավետորեն օգտագործելու մեխանիզմը: Այն ստանալու համար օրգանիզմը կարող է սկսել այրել կուտակված ճարպը, ինչը հանգեցնում է քաշի չպլանավորած կորստի:

Հոգնածություն

Եթե դուք ավելի արագ եք հոգնում, քան նախկինում, դա կարող է կապված լինել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հետ: Շաքարային դիաբետ ունեցող պացիենտները հաճախ ունեն հյուծված ինքնազգացողություն՝ անգամ ոչ զգալի լարվածության դեպքում:

Մաշկի գույնի փոփոխություն

Մաշկի պիգմենտավորումը կարող է առաջանալ ինսուլինի նկատմամբ դիմակայունության հետեւանքով: Պարանոցի շրջանում, հոդերի տարածքում եւ ոտքերի վրա մուգ հատվածների հանկարծակի առաջացումը հնարավոր է մատնանշի արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, որի պատճառն է ինսուլին հորմոնի նկատմամբ բջիջների զգայունության կորուստը:



© NEWS.am Medicine